<<Դիմանկար>> խորագրով պատմությունների շարքը լրացնելու համար հարցազրույցի նպատակով ճանապարհ ընկանք դեպի Սեկեշֆեհերվար, չնայած, ըստ էության, կարող էինք նաև Վիդեոտոն-Ույպեշտ շաբաթօրյա խաղի ընթացքում էլ զրուցել ֆուտբոլային մատչի մասին,քանի որ դոկտոր Գեզա Աբկարովիչը բացի նրանից, որ Սուրբ Գևորգ (Szent György) համալսարանին կից հիվանդանոցի վիրաբուժության բաժնի վարիչն է և գլխավոր բժիշկը,նաև հիանալի վիրաբույժ է, կատարում է Վիդեոտոն ֆուտբոլային հավաքականի սպորտային բժշկի պարտականությունները։ Նրան հանդիպեցինք իր աշխատասենյակում աշխատանքային օրվա ավարտին, այնուհետև իր տանը,որի պատերը զարդարված էին կտավներով և հին ընտանեկան լուսանկարներով։
Դիասպորա21- Շատ գեղեցիկ, դասական ու ընդարձակ է Ձեր տունը։ Պատերին փակցված կտավներն ու հին լուսանկարները պատմում են Ձեր ընտանիքի անցյալի մասին։Լուսանկարներից երևացող մարդկանց դիմագծերին նայելով՝ ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ հայկական ծագում ունեն։ Ո՞վքեր են նրանք։
Գեզա Աբկարովիչ-Չեմ կարող ասել, որ ես ամեն ինչ գիտեմ իմ ընտանիքի ծագման, հայկական արմատներ ունեցող իմ նախնիների մասին, բայց մարդկանցից լսած և ընտանեկան պատմություններից գիտեմ , որ իմ նախնիները տասնյոթերորդ դարի երկրորդ կեսին՝ Միհայ Ապաֆիի իշխանության ժամանակաշրջանում են Մոլդովայից գաղթել Տրանսիլվանիա, երբ այնտեղ գերիշխում էր ուղղափառությունը , և փորձում էին հայ քրիստոնյաներին բռնի ուժով կրոնափոխել ու ուղղափառ դարձնել: Նրանք, ովքեր չէին ցանկանում կրոնափոխվել և պայքարում էին իրենց հայ կաթոլիկ հավատքի համար, փախստական դարձան և բնակություն հաստատեցին Տրանսիլվանիայում։ Մեր ընտանիքը պատկանում էր Սամոշույվարի ճանաչված արհեստավորների թվին․ այդ ժամանակներում հայերը հիմնականում արհեստավորությամբ և վաճառականությամբ էին զբաղվում, ինչը նպաստում էր Տրանսիլվանիայի տնտեսության արագ զարգացմանը: Պապս հաճախ էր ասում․ «Երեխաներ, ձեր ձեռքերի աշխատանքով վաստակեք օրվա հացը»։ Ի վերջո, այդպես էլ եղավ․ես լսեցի պապիս խորհուրդները, վիրաբույժ դարձա ու հիմա իմ ձեռքերով եմ վաստակում իմ հացը:
Դիասպորա21- Նշանավոր արհեստավորների ընտանիքի անդամները ինչո՞ւ բժիշկներ դարձան ։
Գեզա Աբկարովիչ․Մեր ընտանիքի զարգացումն ու սրընթաց վերելքը սկսվեց այն բանից հետո, երբ ՅոժեֆԱբկարովիչին՝ իմ մեծ պապին, հաջողվեց դեղատուն հիմնելու թույլտվություն ձեռք բերել, ինչն այն ժամանակներում շատ դժվար էր ստանալ։ Նա ուսումնասիրել էր Բայա Մարեի (Nagybánya) հայտնի ջրերի բաղադրությունը, դրանց վերաբերյալ գիտահետազոտական աշխատություն գրել և որպես պարգև՝ ստացել դեղատուն բացելու իրավունք։ Այդպես նորահայտ ձեռնարկատերը հնարավորություն ունեցավ նաև կրթելու, ուսումնառության տալու իր զավակներին: Հետագայում դեղատան գործը ժառանգեց իմ պապը, որը շատ խիստ և հետևողական բնավորության տեր մարդ էր՝ օժտված գործարարի գերազանց հմտությամբ։ Նա զբաղվում էր ոչ միայն դեղատնով, այլև հացահատիկի և նույնիսկ ազնվամորու օշարակի արտադրությամբ։ Նա եկամտաբեր աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունեցավ հայրիկիս ուղարկել Գերմանիա՝ սովորելու։ Հայրս դարձավ մեր ընտանիքի առաջին բժիշկը։
Դիասպորա21- Ձեր ընտանիքում էլի՞ տաղանդավոր մարդիկ կան։
Գեզա Աբկարովիչ- Մեկի մասին ես բոլորովին պատահաբար եմ իմացել: Մեքենայում նստած ռադիո էի լսում, երբ հանկարծ հաղորդումը նվիրեցին իմ հեռավոր ազգականին: Հունգարիայում առաջին արտոնագրի գրանցումը կապված է Էնդրե Կորենյիի անվան հետ, որը սափրիչ էր կամ, ինչպես հիմա ենք ասում, վարսավիր։ Արտոնագիրը ստանալուն պես նա նույնպես մեծ հաջողության հասավ և շուտով ատամնաբույժ դարձավ։ Շատ արագաշարժ, տաղանդավոր մարդ էր: Եթե ուշադիր հետևենք դեպքերին, ապա կտեսնենք, որ այդ ժամանակաշրջանի հայերի համար առաջադիմելու միակ ուղին աշխատասիրությունը, հաստատակամությունը և տաղանդն էր ․ չէ՞ որ այն ժամանակների Հունգարիայում առաջատար պաշտոններն ու հասարակական դիրքերը միայն ազնվականությունն էր ստանում: Մեր ընտանիքի առաջխաղացման համար մեծ դեր է ունեցել նաև իմ մեծ տատիկը, որը եղել է ավանդապաշտ, ընտանիքին նվիրված մի կին։ Նա կարողացել է միասնական պահել իր մեծ ընտանիքը, և այդ ընտանիքը երկրին տվել է խելացի ու բանիմաց ինժեներներ։ Նրանց թվին է պատկանել , օրինակ, Աբրահամ Գեզա Պատյանուշը, որի մասին՝ որպես Պոլիտեխնիկական համալսարանի լեգենդար պրոֆեսորի, պատմում են, որ նա եղել է վերջին մասնագետը, ով պոլիտեխնիկական համալսարանի բոլոր բաժիններին հավասարաչափ գիտելիքներով է տիրապետել և դրանք դասավանդել մեծ վարպետությամբ: Այսօր, ինչպես գիտենք, բոլորը մասնագիտանում են գիտության կոնկրետ մի ոլորտում, և աներևակայելի է, որ ինչ-որ մեկը կարողանա բոլոր ոլորտներին տիրապետել հավասարաչափ, իսկ նա հենց այդպիսին էր:
Դիասպորա21- Կանայք հայկական ընտանիքներում միշտ մեծ դեր են խաղացել ընտանիքի ամբողջականության պահպանության գործում։
Գեզա Աբկարովիչ- Դա այդպես է նաև մեր ընտանիքում ինչպես կնոջս, այնպես էլ քրոջս դեպքում, որոնք ջերմեռանդորեն և նվիրվածությամբ իրենց հոգատար ձեռքերի մեջ են պահում մեր մեծ ընտանիքը։
Դիասպորա21- Ձեր արմատների ճանաչումը ինչքանո՞վ է ճակատագրական եղել Ձեզ համար։
Գեզա Աբկարովիչ- Մանկությունից սկսած՝ այն վճռորոշ է եղել իմ ողջ կյանքում: Մեզ դաստիարակել են որպես հունգարացիների, ովքեր ունեն հայկական ծագում, իսկ հայկական ծագմանը հայրս մեծ նշանակություն էր տալիս։ Նա մեզ սովորեցրել է, որ հայերը ապրում են մեծ ընտանիքներով, ունեն ամուր ընտանեկան կապեր, միմյանց սիրում են և մտերիմ են․ գիտեինք ու մենք ինքներս էլ այդպես էինք ապրում։ Ես իմ կյանքը այլ կերպ չեմ էլ պատկերացրել։ Ծնողներս մեզ ժառանգել են նաև մեր քրիստոնեական հավատքը ։ Մեր ծնողները խիստ ավանդապաշտ էին , ու մենք էլ աշխատում ենք հնարավորին չափով կենդանի պահել հայկական ավանդույթները ։ Խառնվածքով էլ ենք հայեցի․ մի փոքր ավելի աղմկոտ ենք, ավելի տաքարյուն։ Հաճախ ասում ենք իրար այն, ինչ մտածում ենք, բայց գրեթե անմիջապես հետո էլ ներում ենք միմյանց։ Աղջիկներս հպարտանում են իրենց հայկական ծագումով: Մեծ աղջիկս իրավագիտություն է ուսումնասիրում, կրտսերս դեռ դպրոցում է սովորում: Նա մի մեծ երազանք ունի՝ այցելել Հայաստան, քանի որ շատ է ցանկանում սեփական աչքերով տեսնել այն դրախտային երկիրը, որտեղ ապրել են իր պապերը, և որի գեղեցկության մասին անընդհատ լսել է մեր ընտանիքի անդամներից:
Դիասպորա21- Ի՞նչ հարաբերությունների մեջ եք այսօրվա Հունգարիայի հայ համայնքի անդամների հետ ։
Գեզա Աբկարովիչ- Դա մի ճակատագրական զուգադիպություն էր և կապված էր արդեն իմ ներկայիս աշխատանքի հետ։ Դեռ իննսունականների սկզբին Հունգարիայում ապրող մի հայ գործարար Վենետիկից մեքենայով տուն վերադառնալիս վթարի էր ենթարկվել, և նրան բերեցին մեզ մոտ՝ Սեկեշֆեհերվար՝ մեր հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք։ Այն ժամանակ չափազանց բարդ էր Խորհրդային Միությունից ժամանածներին հիվանդանոց ընդունելու գործը։ Աշխատակիցներս միանգամից հիշեցին, որ ես հայ եմ, և գտան, որ միայն ես կարող եմ զբաղվել նրանով։ Ես մեծ սիրով և պատրաստակամությամբ ընդունեցի իմ հայրենակցին և այդպես նրա միջոցով կապի մեջ մտա տեղի հայության մի քանի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ մեկ այլ հետաքրքիր դեպք ևս նպաստեց, որ ես կապվեմ իմ հայրենակիցների հետ։ Պատահաբար պարզվեց, որ Բուդապեշտի Օրլայ փողոցում գտնվող հայկական եկեղեցու շենքը անցյալում պատկանել է մորս ընտանիքին, և մայրիկս մանուկ հասակում շատ ժամանակ է անցկացրել այնտեղ:
Դիասպորա21- Նույնիսկ չգիտեի՞ք, որ այնտեղ է գործում հայկական եկեղեցին։
Գեզա Աբկարովիչ- Դեռ փոքր էինք, երբ մայրիկս մի անգամ հորս խնդրեց, որ գնան, տեսնեն Օրլայ փողոցի իր հայրական տունը: Երբ հասան, տեսան, որ հայկական եկեղեցի է գործում այնտեղ։ Նրանք անմիջապես կապվեցին քահանայի հետ, և այդ օրվանից պարբերաբար հաճախում էին Բուդապեշտի հայկական եկեղեցի: Հայրս մի ժամանակ ցանկանում էր, որ եղբայրս քահանա դառնա, բայց նրա ցանկությունը չիրականացավ։ Վերադառնալով համայնքի հետ իմ կապերին՝ պիտի ասեմ, որ ես ավելի շատ նոր սերնդի հայերի հետ եմ շփվել, այն հայերի , ովքեր 1915թ․-ից հետո են ժամանել։ Նրանց հիմնական մասը դեռ խոսում է հայերեն, շատերն արդեն անցել են հունգարերենի։ Մեր ընտանիքը հնարավորության դեպքում միշտ մասնակցում է ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին: Քանի որ դրանք սովորաբար համընկնում են աշխատանքային օրերին, հիմնականում կինս է մասնակցում այդ արարողություններին, և տեղի հայությունը նրան միշտ մեծ սիրով է ընդունում։
Դիասպորա21- Դուք ՝ որպես հայրենիքից հեռու գտնվող և հայկական ծագում ունեցող մարդ, ի՞նչ եք մտածում Հայոց ցեղասպանության մասին, ի՞նչ զգացողություններ են առաջացնում Ձեր մեջ հարյուր տարի առաջ կատարված եղեռնագործությունները։
Գեզա Աբկարովիչ- Զայրույթ կա մեջս․ չէ՞ որ նախնիներս եթե անցյալում այնտեղից տեղափոխված չլինեին, միգուցե իմ ընտանիքն էլ այդ սարսափելի դեպքերի զոհը դառնար։ Մինչ օրս էլ ատելության զգացմունքն է եռում իմ մեջ այն թուրքերի հանդեպ, որոնք գործեցին այդ ոճիրները ։ Վրդովված եմ նաև այն բանից, որ հայերի ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը պետական մակարդակով Հունգարիայում դեռ տեղի չի ունեցել, մինչդեռ, օրինակ, մեր հարևան երկրներ Գերմանիան և Ավստրիան արդեն ճանաչել են: Սակայն ամենացավալին այն է, որ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ չի ճանաչում նաև այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է, քանի որ իրենց իսկ ճակատագրով պայմանավորված՝ միգուցե հենց հրեաներին այս հարցը պետք է ավելի շատ հուզեր:
Դիասպորա 21- Ձեր ընտանիքի անցյալի մասին շատ խոսեցինք․ ի՞նչ կպատմեք անձամբ Ձեր մասին։
Գեզա Աբկարովիչ - Մենք ապրում ենք Սեկեշֆեհերվարում։ Ես սկզբում եղել եմ վնասվածքաբան-վիրաբույժ, ավելի ուշ, շնորհիվ իմ կնոջ, որը խաղում էր ձեռքի գնդակի կանանց հավաքականում և մինչև օրս էլ աշխատում է որպես մարզիչ, մասնագիտացա սպորտային վիրաբուժության մեջ: Հիմնականում ֆուտբոլիստների հետ եմ աշխատում։ Գերխնդիրս եղել է այն, որ ցանկացած հնարավոր միջոցներով կարողանամ բոլոր վիրաբույժներից, հիմնականում արտերկրի բժիշկներից, ստանալ սպորտային վիրաբուժության մասնագիտական փորձ ու հմտություն։ Բոլորին է հետաքրքրում այն փաստը, թե որ սպորտային վիրաբույժի ձեռքն են ընկնում հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող նշանավոր մարզիկները, այս չափով խիստ պատասխանատու է իմ աշխատանքը, չնայած որ վերջ ի վերջո դա էլ նույն ընդհանուր վիրաբուժությունն է, գործում է նույն մեխանիզմը, նույն կերպ է ընթանում նաև ապաքինման գործընթացը։ Ճիշտ է, կան մարզիկներ, որոնք անհամբեր են, ցանկանում են ավելի արագ վերականգնվել ու շարք մտնել, բայց ի վերջո բոլորի համար էլ վերականգնողական շրջանը նույնն է։ Հպարտությամբ պիտի ասեմ, որ իմ պրակտիկայում վնասվելուց հետո բոլոր մարզիկների վերականգնողական շրջանը անցել է հաջողությամբ և առանց բարդությունների։
Դիասպորա 21- Զագացվում է, որ շտապում եք, քանի որ անընդհատ Ձեր ձեռքի ժամացույցին եք նայում ։ Այսօր Դուք կատարում եք նաև Վիդեոտոն ֆուտբոլային հավաքականի սպորտային բժշկի պարտականությունները։ Սա, ըստ էության, նշանակում է, որ մեր զրույցը մոտենում է ավարտին, քանի որ այժմ ունեք ավելի կարևոր գործ։
Գեզա Աբկարովիչ - Այո, ճիշտ եք, այսօր ֆուտբոլային խաղաշրջանի բացման առաջին օրն է․ օրվա երկրորդ կեսին տեղի է ունենալու Վիդեոտոն-Ույպեշտ թիմերի հանդիպումը: Ես շուտով այնտեղ պետք է լինեմ։ Եկեք հաջողություն մաղթենք մեր թիմի տղաներին․ նրանք լավ են պատրաստվել խաղաշրջանին, և ես համոզված եմ, որ խաղը կավարտվի նրանց հաղթանակով և առանց որևէ միջադեպի։
Հետո մենք իմացանք, որ բժշկի ցանկությունը կատարվել է․ խաղն ավարտվել է 5։1 հաշվով՝ Վիդեոտոնի հաղթանակով։ Այժմ թիմը առաջատար դիրքում է, իսկ նրանց կողքին է և նրանց սատարում է իրենց սիրելի բժիշկը՝ հայազգի նշանավոր վիրաբույժ Գեզա Աբկարովիչը։