Հայաստանի պատմության թանգարանի և Բուդապեշտի Հայկական մշակութային կենտրոնի համագործակցությամբ լույս տեսավ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի 18-19-րդ դարերի Հայկական տարազների ալբոմը: Եռալեզու՝ հունգարերեն, հայերեն և անգլերեն, ալբոմը նվիրված է Հայոց ցեղսպանության 100-ամյա տարելիցին:
Ինչպես գիտենք, տարազը կենցաղի և մշակույթի ավանդույթները բնութագրող տարրերից է: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված է ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուկապը:
Հազարամյակներ շարունակ տեղի ունեցած պատերազմների, արտագաղթների, ողբերգական արհավիրքների պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ պահպանել ավանդական տարազի՝ խոր հնությունից եկող տարազաձևերի, զարդանախշերի և գույների խորհրդանշանական պատկերացումներն ու իմաստները:
Հայկական տարազների գրքի հրապարակումը, այս անգամ, հունգար հասարակությանը ներկայացնում է հայ ժողովուրդի հինավուրց մշակույթի կենցաղային նմուշների հավաքածուն՝ իր բոլոր խորհուրդներով, գույներով և առանձնահատկություններով: Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ` միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի յուրաքանչյուր ընտանիք, այդ ընտանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից: 
Ահա այս հարուստ և ճոխ մշակույթին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ Բուդապեշտի կետրոնական թաղամասի մշակութային դահլիճում: Դահլիճը ողողված էր հայկական տարազների վառ գույներով՝ ծիրանի, կարմիր, կապույտ, սպիտակ: Այս գույները խոր իմաստ ունեն. ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Երեկոն բացեց Հունգարիայի կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սոնյի Քինգան և կենտրոն թաղամասի հայ համայնքի ղեկավար Ալեքս Ավաննեսյանը: Այնուհետև հայկական ռիթմիկ երաժշտության ներքո մոդելները 150 տարվա հայկական գորգի վրա սկսեցին տարազների ցուցադրումը:
Ներկաները գոհունակությամբ և հետաքրքրությամբ էին դիտում նմուշները. այնուհետև նորաձևության պատմության արվեստագետ Դոժա Կատալին մանրամասնորեն ներկայացրեց «Հայկական տարազ» գիրքը: Ներկաներին մանրամասն ընթերցելով և ներկայացնելով գրքում պատկերված տարազները, զարդերը՝ նա շեշտը դրեց այն բանի վրա, թե հատկապես 18-19-րդ դարերում պատմության համար դրանք ինչ կարևոր դեր են ունեցել: Իր խոսքում նա նույնիսկ նշեց աշխարհի ամենահին կոշիկի մասին, որը գտնվում է Հայաստանում և ունի 6000 տարվա պատմություն, այն Եգիպտոսից ավելի հին է:
Երեկոն շարունակվեց 21-րդ դարի մոդելների և հայկական զարդերի՝ հուլունքների, հին գոտիների միասնական կոմպոզիցիայով, որը շատ մեծ գնահատականի արժանացավ:
Երկու ժամ տևողությամբ երեկոն շլացրել էր բոլորին:
Միջոցառմանը ներկա էին նաև Բուդապեշտի կենտրոն թաղամասի քաղաքապետ Սենտդյորդվոլդյի Պիտերը և այլ պատշոնյա անձիք, իսկ մոդելների շարքում կային մի քանի քաղաքական գործիչների կանայք:
Երեկոն կազմակերպել է Ալեքս Ավաննեսյանը, իսկ տարազների նմուշները պատրաստել էր Պաստոր Անին: