Պարո՛ն Նախագահ, Ձեր հյուրընկալությամբ և այս այցին պետականի կարգավիճակ տալով, Դուք շեշտեցիք հայ-հունգարական դարավոր բարեկամությունը Հայաստան-Հունգարիա միջպետական գործընկերության հարթություն տեղափոխելու Ձեր վճռականությունը: Հայաստանը կարևորում է Հունգարիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում:

Հաշվի առնելով, որ Հունգարիան ԵՄ անդամ երկիր է, իսկ Հայաստանն ընդգրկված է ԵՄ կառույցների հետ համագործակցության նախաձեռնություններում' երկուստեք համաձայնել ենք դիտարկելու նշված ձևաչափերում, այդ թվում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցու-թյան հնարավորությունները:
Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել հունգարական արդարադատությանը Բուդապեշտում հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի սպանության գործում ցուցաբերած աներկբա և արդարացի կեցվածքի համար: Այն ժամանակ ես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էի, և այդ զազրելի ոճրագործությունը մինչև հոգու խորքը ցնցել էր ինձ. համոզված եմ նաև յուրաքանչյուր նորմալ մարդու ողջ աշխարհում: Ցավալի է և ողբերգական, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն: Վստահ եմ, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը, այդօրինակ ոճրագործությունները շարունակություն կգտնեին նաև այլ պետություններում» ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ-ին:
ՀՀ նախագահի այցը հազարամյա պատմություն ունեցող հունգարահայ համայնքի համար հպարտություն էր, մեծ երազանք և ապագայի նկատմամբ հույս: Ընդամենը երեք տարի անց' խորտակվեց:
2012թ. օգոստոսի 31-ին, նույն Հունգարիայի արդարադատության նախարարությունը որոշում ընդունեց ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելը: Իսկ ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվեց:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ պատճառաբանեց, թե նախարարությունը, վկայակոչելով դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան, նշում է, որ կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական և վարչական գործ-ընթացների համաձայն:
Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն' փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը:
Օրբանը հայտարարել է նաև, որ դա ճիշտ որոշում է եղել և այն կայացվել է միջազգային իրավունքի նորմերին և Հունգարիայի դատական պրակտիկային համապատասխան:
«Մենք նույնկերպ կվարվեինք, եթե հայն սպաներ ադրբեջանցուն: Հունգարիան պետք է իր շահերով առաջնորդվի, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի»: Իսկ թե ինչ շահեց, Հունգրաիան առ այսօր պարզ չէ: Ի պատասխան Օրբանը հավաստիացրել է, որ որոշումն ինչ-որ կարճաժամկետ շահով չէր պայմանավորված, սակայն հեռանկարում, այն որոշակի օգուտ կբերի. «Սպասվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ կշարունակվի, իսկ Հունգարիային հաջողվեց դուրս գալ դրանից' հանձնելով ադրբեջանցի դատապարտյալին: Քանի դեռ նա այստեղ էր, նրա ներկայությունը շատ հակասությունների և բարդությունների պատճառ էր հանդիսանում:
Իրավիճակն անփոփոխ կմնար նաև ապագայում»,- պատասխանել է Օրբանը:
Արտահանձման լուրը մեծ ցնցում առաջացրեց հունգար ժողովրդի մեծամասնության մոտ: Հունգար ժողովուրդը միանշանակ դեմ արտահայտվեց կառավարության այդ քայլին. դա բացառապես Հունգարիայի կառավարությանն է վերաբերում և մեղավորությունը բացառապես Հունգարիայի վարչապետինն է, «Հունգարական դատարանը որոշում կայացնելիս, հատուկ դա ընդգծել էր և դատապարտել ցմահ ազատազրկման: Մենք համամիտ չենք կառավարության այդ որոշման հետ, այլ նաև խորը ափսոսանք և ամոթ ենք զգում այս ամենի համար»:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան արտահանձնումն ու հետագայում ներման շնորհումը Հունգարիայում հանրային մեծ արձագանք գտավ: Ինչպես քաղաքացիական հանրությունը, այնպես էլ քաղաքական կուսակցությունները խիստ քննադատության ենթարկեցին հունգարական իշխանություններին: Այս դեպքը մեծ արձագանք գտավ Facebook-ի սոցիալական ցանցի հունգարացի օգտատերերի շրջանակներում և ակտիվ բլոգերները քննադատեցին կառավարությանը այն պահից սկսած, երբ այդ մասին հայտնի դարձավ:
Հունգարական Դեմոկրատական կուսակցությունները' LMP, MSZP և DK-ն, իրենց խիստ անհամաձայնությունը հայտնեցին կառավարության որոշման վերաբերյալ և իրենց ցավակցությունը հայտնեցին հայ ժողովրդին: DK-ի առաջնորդը' Հունգարիայի նախկին վարչապետ ֆերենց Դյուրչանը, նույնպես քննադատել է Օրբանի կառավարության այդ քայլը:
Բացի այդ, Facebook-ում օն-լայն պետիցիա է հայտնվել, որը Վիկտոր Օրբանից տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում է պահանջել, ինչպես նաև, ցանկանում էին իմանալ թե ինչն է պատճառ հանդիսացել նման որոշում կայացնելու համար:
Անցան օրեր, ամիսներ, սակայն մինչ օրս Վիկտոր Օրբանի կողմից տրված պատասխանները թե՛ հայ համայնքի, թե՛ հունգար ժողովրդի համար ընդունելի չդարձան:
Սույն թվականի դեկտեմբերի 5-6 հունգարական պատվիրակությունը՝ Հունգարիայի վարչապետի գրասենյակի քարտուղար և ադրբեջանահունգարական միջպետական տնտեսական հանձնախմբի համանախագահի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում «Հունգարիայի տան» բացման արարողությանը:
Պատվիրակության կազմում Ադրբեջան այցելեցին երկրի տնտեսության տարբեր, այդ թվում՝ բանկային և տուրիստական ոլորտների ներկայացուցիչներ:
Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները որոշել են հանդիպել երկրի օմբուդսմենի հետ Սաֆարովի գործով: Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն արդեն մի քանի անգամ հետաձգվել է օմբուդսմենի երկրից բացակայելու պատճառով:
Այդուհանդերձ, հայ համայնքը որոշել է չսպասել և որոշակի քայլեր ձեռնարկել: Այսպես, արդեն տեղի է ունեցել հանդիպում փաստաբանի հետ, աշխատանք է տարվում դատարան դիմելու ուղղությամբ, և շուտով նախատեսվում է ևս մեկ հանդիպում: