Հատուկ «Արմենիա» ամսագրի համար մենք հարցազրույց վերցրինք Հունգարիայի Վեսպրեմ քաղաքում բնակվող՝ արմատներով և, ինչպես ինքն է ասում, հոգով հայ հայտնի Գոպչա ընտանիքի անդամ Գոպչա Կատալինից: Խնդրեցինք նրան՝ որպես հայ, պատմել իր ընտանիքի, հիշողությունների, զգացողությունների մասին : Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր և յուրահատուկ հարցազրույցը:
-Ես հայկական արյուն ունեմ, նախնիներս հայ են եղել: Հայրս Գոպչա Վիլմոշն էր, նրա հայրը՝ Գոպչա Գերգեյը, և նրանց տարիներ առաջ անվանում էին «Գոպչա տղաներ» : Գոպչա անունը եկել է հունգարական արտասանությամբ Ագոպչա՝ հայկական Հակոբ անունից: Հայրս չէր սիրում շատ խոսել: Երբ ես այլևս փոքրիկ երեխա չէի և գիտակցում էի ամեն ինչ, նա ինձ տվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը և ասաց «Կարդա՛ այս գիրքը և իմացի՛ր, որ մենք նույնպես հայ ենք, ու սա նաև մեր պատմությունն է»: Այդ գիրքը շատ մեծ ազդեցություն թողեց ինձ վրա, մինչ օրս էլ այն սրբությամբ պահում եմ և միշտ վերադառնում եմ այդ գրքին, վերընթերցում, մեր ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունները համեմատում անցյալի դեպքերի հետ ու ցավով նկատում, որ ժամանակի ընթացքում շատ քիչ բան է փոխվել: Հայ ժողովրդի դեմ կատարված եղեռնագործությունը մինչ օրս ցնցում է ինձ, և քանի որ ես զգում եմ, որ պատմությունը կարող է նորից կրկնվել, ես ամենուրեք ներկայացնում եմ այդ գիրքը:
Ես դարձել եմ մշակութաբան և կյանքս նվիրել թանգարանային աշխարհին , 40 տարի շարունակ աշխատել այդ ոլորտում : Ողջ կյանքս ապրել եմ Հունգարիայի փոքրիկ Վեսպրեմ քաղաքում։ Բայց երբ իմացա, որ ես հայ եմ, Հայկի ու Դավթի արյունն է հոսում իմ երակներով, փորձեցի ավելի արդյունավետ ծառայել իմ ժողովրդին, նրա հնադարյան մշակույթը հասանելի դարձնել ողջ աշխարհին, բոլորին ներկայացնել, որ անասելի ողբերգություն է տեղի ունեցել ժողովրդիս հետ, հնամյա մի ժողովրդի, որն ունեցել է թանգարանային մի երկիր ու սքանչելի անտիկ մշակույթ։
Սփյուռքի համար շատ կարևոր է կապը մայր հայրենիքի հետ, և երբ Հունգարիայում ռեժիմը փոխվեց, Վեսպրեմում նույնպես Հայկական ինքնավարություն ստեղծվեց, որի անդամը դարձա նաև ես: Այդ ժամանակ ես թանգարանում էի աշխատում, սակայն փոքրիկ երեխայիս խնամելու համար տանն էի և տնից աշխատում էի մի հեռուստաընկերության համար : 1992 թվականից սկսած՝ ութ ու կես տարի, գեղարվեստական հեռուստաշոու էի վարում՝ «Նկարը նկարում», որը միտված էր տարբեր ժողովուրդների մշակութային արժեքները գնահատելուն: Մի օր հեռուստաընկերության ղեկավարն ինձ ասաց, որ ես չեմ կարող ինքնավարության անդամ լինել, եթե ցանկանում եմ վարել այդ հեռուստաշոուն: Ի վերջո մենք փոխհամաձայնության եկանք, որ ես իմ աշխատանքը կկատարեմ հեռուստաընկերությունում, և հայկական ինքնավարությունը ցանկացած ժամանակ կարող է դիմել իմ օգնությանը: Այնտեղ աշխատելու տարիներին հնարավորության դեպքում միշտ փորձում էի այնպես անել, որ հայկական մշակույթի հետ կապված նորությունները հեռարձակվեն նաև հեռուստատեսությամբ։
Երբ Հայկական ինքնավարությունը առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպեց, ես այնտեղ ելույթ ունեցա:
Ելույթին նախապատրաստվելու ժամանակ էլ ցնցող նկարներ գտա և, հենվելով իմ մասնագիտական գիտելիքների վրա, փորձեցի մեկնաբանել դրանց իմաստը և ներկայացնել բոլորին: Փնտրտուքի ժամանակ հայ գրականությունը նույնպես գրավեց ինձ, որտեղ կարող էի գտնել այդ նկարների բացատրությունը:
Երբ Հակոբյան Նիկողոսը Հայկական ինքնավարության ղեկավարը դարձավ, նա նույնպես հայտարարեց, որ հայերը ամենուրեք փորձում են խաղաղ գոյակցել այն ժողովուրդների հետ, որտեղ ապրում են, բայց միաժամանակ փորձում են կապ հաստատել Սփյուռքի բոլոր գաղթօջախների հետ և, քանի որ իրենց մշակույթը շատ բարձր են գնահատում, այն տարածում են ամենուրեք, որովհետև գիտակցում են , որ իրենք են այդ մշակույթի կրողները։ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված բոլոր միջոցառումները կազմակերպելու ժամանակ ես ավելի շատ հենվում եմ գրականության վրա, որն ավելի շատ փաստագրական տեղեկություններ է հաղորդում մեր ժողովրդի անցյալի մասին, ինչպես օրինակ, հունգար գրող Կոստոլանյի Դեժուի կարճ պատմվածքները և «Կղզին» աշխատությունը։
Հայկական ինքնավարության շնորհիվ է, որ Վեսպրեմ քաղաքի Տորոկ Իգնաց փողոցում կանգնեցվեց Առադի հայ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Ես ինքս անձամբ մասնակցել եմ այն աշխատանքներին, որ Պոգանյ Գաբոր Բենոյի «Խաղաղություն» օրիգինալ անվանմամբ հուշարձանը, որը հետագայում վերանվանվեց «Արարատ», տեղադրվեց Վեսպրեմում:
Այս քաղաքում շատ չեն հայերը, բայց Հայկական ինքնավարության կազմակերպած միջոցառումները շատ են օգնում, որ հայ ընտանիքների հարկի տակ թևածի հայեցի ոգին, զգոն պահի ազգային հիշողությունը, և մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց նախնիները հայ են եղել։ Շատ ընտանիքներ երբեմն իրենց համար բացահայտումներ են անում, խորանում իրենց արմատների պատմության մեջ ու հասկանում, որ եթե պարզվում է, որ իրենց պապի հորեղբայրը հայ է եղել, ուրեմն իրենք էլ հայ են:
Եվ հայկական արմատներով հայերին գտնելը նույնպես շատ կարևոր է իմ գործունեության համար:
Երբ լուսանկարիչ Գինգ Կարոյը Հայաստանում լուսանկարել էր պատմական հուշարձանները, ես նրան օգնեցի, որպեսզի նրա՝ հայկական հուշարձանների լուսանկարները հայտնի դառնան Հունգարիայում:
Փորձել եմ օգնել, որ Վեսպրեմում հայկական խաչքար կանգնեցվի, և որ մարդիկ ուշադրություն դարձնեն դրան: Ինչպես նաև աջակցել եմ, որ Վեսպրեմի «Շեդ» թերթում հայկական խաչքարերի մասին լուրջ հոդված, աշխատություն տպագրվի, քանի որ կարծում եմ, որ Վեսպրեմում մարդկանց համար կարևոր է իմանալ դրանց պատմությունը, որովհետև այստեղ նույնպես կա այդպիսի խաչքար:
Երբ Հունգարիայում հնարավորություն ստեղծվեց, որ ազգային փոքրամասնությունները ներկայացնեն իրենց երկրի պատմությունը, եսզգացի, որ կարող եմ շարունակել իմ նախահայր Գոպչա Լասլոյի գործը, ով կարողացել էր պահպանել և սերունդներին փոխանցել հայկական մշակույթը այստեղ՝ Հունգարիայում:
Գոպչա Լասլոն մեր ընտանիքի ամենահայտնի անդամն է եղել: Ես շատ անգամներ փորձել եմ հետևել այն աշխատանքներին, որոնց հետ գործ է ունեցել նա, և հավաքել եմ նրա հոդվածները հայ ժողովրդի կյանքի մասին, հայկական այն պատմվածքները, լեգենդները, հեքիաթները , որոնք տպագրվել են 1910-ից 30-ական թվականներին: Բուդապեշտի պատմության թանգարանում «Արարատից հեռու» խորագրով ցուցահանդեսի հուշատախտակի վրա նրա անունը նույնպես ընդգրկված էր, քանի որ նա հայերի մասին հոդվածներ էր գրել հանրագիտարաններում, գործ էր ունեցել լուրջ գիտական մեթոդների հետ, հայկական մշակույթի հետ: Ահա թե ինչու ես շատ ուրախ էի մասնակցելու Հայկական Մշակութային Հիմնադրամի ստեղծման գործընթացին:
Ես ծնվել եմ 1947 թվականի օգոստոսի 5-ին Դեբրեցենում ծնողներս հարուստ չէին, և երբ դեռ երեխաներ էինք, մեր ընտանիքը պատերազմի պատճառով շատ տարբեր վայրեր տեղափոխվեց, մինչև մենք հայտնվեցինք փոքրիկ Վեսպրեմ քաղաքում:
Հայրական կողմս հայեր էին, բայց մենք չունեինք շատ մոտ բարեկամներ։ Ես գիտեի միայն մեր հեռավոր ազգականների մասին: Եվ երբ մեծացա և ուսանող դարձա, փորձում էի այդ բարեկամների հետ ավելի մտերիմ կապեր հաստատել:
Մեր ընտանիքը այնքան համերաշխ էր, որ Գոպչաները «Գոպչա» հանդիպումներ էին կազմակերպում Սամոշույվարում (Տրանսիլվանիա), որտեղ գտնվում է Գոպչաների հայրական տունը: Սամոշույվարը հայության մայրաքաղաքն է և հայ մշակույթի ֆանտաստիկ կենտրոնը: Այն հոյակապ շինություններով քաղաք է եվրոպական 5 լավագույն քաղաքների ցանկում է և կառուցված է տրամաբանորեն, ուշադրություն է դարձված նաև ուրբանիզացիային: Եվ այդ ամենը ՝ շնորհիվ հայերի: Այնտեղ է գտնվում Գոպչաների տունը: Այն ունի 5 պատուհան։ Ես պատմություններ եմ լսել, որ այդ 5 պատուհանները խորհրդանշում են նրանց 5 տղաներին: Այնտեղ Գոպչաների ընտանեկան հրաշալի տոհմածառ կա, և հայրս, նրա հայրը նույնպես կան այդ տոհմածառի վրա։
Նրա ճյուղերից մեկի վրա գրված է նաև Գոպչա Լասլոյի անունը, ով շատ ճանաչված, կարևոր, նշանակալի անձնավորություն էր Հունգարիայի հասարակական և մշակութային կյանքում: Այս տոհմածառը ցույց էր տալիս, որ բոլոր Գոպչաները բարեկամներ են:
Ես պետք է նշեմ մեկ անուն ևս՝ Գոպչա Պաուլա։ Նա նույնպես պատկանում է մեր տոհմածառին,և ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա հետ։ Նա զբաղվում է նկարչությամբ և արվեստի պատմություն է դասավանդում: Նրա կապերի շնորհիվ ես կարողացա անցյալ տարի մասնակցել Զուգլոյի Հայկական ինքնավարության կողմից դեպի Սամոշույվար կազմակերպված ուղևորությանը: Անբացատրելի զգացողություն էր ինձ համար՝ այնտեղ գտնել «Գոպչա» տունը և «Գոպչա» ընտանեկան գերեզմանոցը՝ մեր տոհմածառի Գոպչա-արմատների գերեզմանները։
Մարդկանց հոգուն հաճելի զագցողություն է պարգևում այն փաստը, որ ունես այնպիսի հրաշալի մեծ ընտանիք, որի բոլոր անդամները մտածում են նույն կոնկրետ արժեքների մասին. դա հայկական մշակույթի պահպանումն է: Եվ ես հարազատ տանը գտնվելու զգացողությունն ունեցա այնտեղ:
Շատ հետաքրքիր է Պաուլայի հետ զրուցել մայրենի լեզվով. դա ինձ համար ավելին է, քան զրուցելը իմ մասնագիտությունն ունեցող որևէ մեկի հետ: Մեր կապն այնքան խոր և ուժեղ է, որ ես երբեմն նկատում եմ, որ նրա արվեստի դասերի մասին հաճախ պատմում եմ ուրիշներին այնպես, կարծես դա տեղի է ունեցել ինձ հետ:
Ես նկատել եմ, որ այն ընտանիքներում, որտեղ կինն ունի հայկական արմատներ, հայկական ավանդույթները, խոհարարական սովորույթներն ու հմտությունները, ինչպես օրինակ, դալաուզի քաղցրավենիքի պատրաստումը, ավելի լավ են պահպանվում:
Այսպիսով, ես Պաուլայից սովորեցի պատրաստել ականջապուր: Խմորի փոքրիկ կտորները՝ համեմված 2 անգամ աղացված տավարի մսով, մենք փաթաթում ենք և եփում համեղ արգանակում, ավելացնում նաև խուռութ՝ չորթան: Ես սառնարանում հիմա պահած խուռութ ունեմ, քանի որ դրա անհրաժեշտությունը պարտադիր է յուրաքանչյուր հայ ընտանիքում:
Ես մեծ ընտանիք ունեմ, որի համար շնորհակալ եմ Աստծուց: Հայրս միշտ ասում էր, որ հայերը շատ ընտանեսեր են: Ես 3 երեխա ունեմ իմ նախորդ ամուսնությունից և մեկը՝ ներկայիս ամուսնությունից։ Ամուսնուս կինը մահացել է, նրանք ունեն 2 երեխա, դա նշանակում է, որ մենք 6 երեխա ունենք, ովքեր հավաքվում են մեզ մոտ։Այս սեպտեմբերին ծնվեց իմ 13-րդ թոռնիկը , ու էլի մեկով հարստացավ Հունգարիայի հայ համայնքը:
-Ի՞նչ վերաբերմունք ունեք հայկական մշակույթի հանդեպ:
-Հարգանք և հպարտություն: Հայկական մշակույթը շատ հարուստ է, և նրա շունչը միշտ զգում եմ իմ ընտանիքում: Տղաս արդեն եղել է Հայաստանում, նույնիսկ հայ ընկերներ ունի և ինձ հայկական եկեղեցիների նկարներ է նվիրել:
Ես նախատեսում եմ Հայաստան այցելել հաջորդ տարի: Ես զգում եմ, որ հայկական մշակույթը մեծ ազդեցություն ունի ամբողջ Սփյուռքի վրա։
Ռոզիի՝ դստերս հետ մի շատ զվարճալի պատմություն կա կապված, երբ նա 2-3 տարեկան էր: Հայ ազգագրական պարի խումբ էր եկել Վեսպրեմ, և մենք միասին գնացել էինք այն դիտելու։ Ելույթը հրաշալի էր և հուզել էր բոլորին։ Համերգի վերջում աղջիկս հարցրեց. «Մայրի՛կ, երբ մեծանամ, ես էլ հայ կդառնամ, ճի՞շտ է»: