Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին մարտի 1-ին այցելեց Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել:
- Անցյալ տարի դեկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ դուք հայտարարեցիք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար նոր իրավական շրջանակի մշակման բանակցությունների մեկնարկի մասին։ Նոր փաստաթուղթը հիմնված կլինի նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասի» վրա, որը չստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու պատճառով։ Բանակցությունների մեկնարկը նշանակու՞մ է արդյոք, որ ԵՄ-ն և նրա անդամները հաղթահարել են 2013թ. սեպտեմբերի հիասթափությունը։
- Մենք շրջել ենք 2013թ. բոլոր անորոշությունների էջը։ Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, մեր ժողովուրդների միջև հարաբերությունների պատմությունը սկսվում է դեռ անհիշելի ժամանակներից, և մենք ունենք ընդհանուր ռազմավարական հետաքրքրություն ձեր տարածաշրջանի կայունության հարցում։ Տնտեսական, պատմական և միջազգային նկատառումներից ելնելով՝ փակուղուց դուրս գալը բոլորի շահերից էր բխում։ Այսպիսով, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ունեցել ենք խիտ ժամանակացույցով մի շարք հանդիպումներ, թե բազմակողմ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, թե՛ երկկողմ ձևաչափով։ Ես հանդիպել եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ առիթներով, նախագահ Տուսկը Հայաստան այցելեց հուլիսին, իսկ իմ գործընկեր հանձնակատար Հանը՝ անցյալ տարի մարտին։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն վերանայել է մեր հարևանության նկատմամբ իր մոտեցումը։ Կես միլիարդ քաղաքացի ունեցող միությունը կարող էր դեպի իր հարևանները հայացք գցելու և այնտեղ հավանական «արբանյակներ» տեսնելու գայթակղություն ունենալ։ Սակայն դա ձախողում կլիներ։ Մեզ արբանյակներ պետք չեն. մեզ անհրաժեշտ են գործընկերներ` ուժեղ գործընկերներ։ Ավելին, Եվրամիության հետ գործընկերությունը չի բացառում այլ միջազգային դաշինքներ։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր հարաբերությունները կարող են շահեկան լինել ոչ միայն մեր երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար։
- 2017թ. Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. դրանք կլինեն առաջինը նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո, որը երկիրը վեր է ածում խորհրդարանական հանրապետության։ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ են քննադատում ԵՄ-ին՝ նախորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունների և 2015թ. դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումների վրա «աչքը փակելու» համար։ Պատրաստվու՞մ եք արդյոք հատուկ ուշադրություն դարձնել 2017թ. ընտրություններին։
- Մենք երբեք «աչք չենք փակել», երբ հարցը վերաբերել է ընտրություններին։ Կանոնավոր և թափանցիկ ընտրությունները ամուր ժողովրդավարության առանցքային հատկանիշն են, սակայն ոչ մի ընտրական գործընթաց կատարյալ չէ, և բոլոր երկրների համար կարող է շահեկան լինել արտաքին դիտորդների ներկայությունը։ Իրականում, Եվրամիության երկրներում մենք կանոնավոր կերպով հրավիրում ենք միջազգային դիտորդների՝ դիտարկելու քվեարկության ընթացքը։ Ահա թե ինչու մենք մեր աչքերը միշտ բաց ենք պահում մեր հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների ուղղությամբ. մենք կարող ենք որպես գործընկերներ օգնել միմյանց։ Այդ իսկ պատճառով սահմանադրական հանրաքվեից հետո մենք կոչ արեցինք Հայաստանի իշխանություններին պարզաբանել ենթադրյալ խախտումների հարցը։ Երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակեց իր վերջնական զեկույցը հանրաքվեի վերաբերյալ, մենք համաձայնեցինք այնտեղ ներառված դիտարկումների և առաջարկությունների հետ։ Ենթադրյալ կեղծիքները հարկ է անկախ հետաքննության առարկա դարձնել, իսկ եթե դրանք հաստատվեն, անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան գործողություններ։ Մենք նաև հանդես ենք եկել մի շարք առաջարկություններով այն մասին, թե ինչպես կարելի է իրականացնել ընտրական բարեփոխումը։ Ես կարծում եմ, որ մեր առաջարկությունները կարող են արժեքավոր լինել հաջորդ տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հրավերի դեպքում ԵԱՀԿ լիարժեք դիտորդական առաքելությունը, ինչպես նաեւ տեղական դիտորդները հանդես կգան որպես լրացուցիչ երաշխիք և կամրապնդեն 2017թ. ընտրությունների վստահելիությունը։ Մենք կշարունակենք աջակցել ձեր ընտրական գործընթացներին որպես լավ բարեկամ։
- ԵՄ-ն պաշտոնապես սատարու՞մ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ստեղծելու մի մեխանիզմ, որով հնարավոր կլիներ հետաքննել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Կարո՞ղ է ԵՄ-ն տրամադրել տեխնիկական միջոցներ այսպիսի մի մեխանիզմ ներդնելու համար։
- Ակնհայտ է, որ ստատուս քվոն անկայուն է։ Անցյալ տարվա ընթացքում մենք ականատեսն ենք դարձել շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով բռնությունների սրացմանը։ Կիրառվել է ծանր զենք, թիրախ են դարձել խաղաղ բնակիչները։ Հետընթացն այս ուղղությամբ անկարելի է։ Հակամարտության քաղաքական լուծումը, միջազգային իրավունքին համապատասխան, այսօր ավելի հրատապ է, քան երբևէ։
Մինսկի խմբի միջնորդության ջանքերին մեր ցուցաբերած աջակցությունն անսասան է։ Եվրամիությունը կաջակցի բանակցություններում ցանկացած առաջընթացի։ Ցանկացած բանակցված և համաձայնեցված փորձ, որը ուղղված կլինի անվտանգության իրավիճակի կայունացմանը, այդ թվում` նաև միջադեպերի կանխման մեխանիզմը, կստանա մեր միության լիաժեք աջակցությունը։ Բացի այդ, մենք պատրաստ ենք քննարկել լրացուցիչ աջակցության հավանական տրամադրումը, եթե այս հարցում դրական քայլեր արձանագրվեն։ Խաղադրույքները շատ բարձր են ձեր երկու երկրների և տարածաշրջանի համար։ Պատերազմի սկզբից ավելի քան երկու տասնամյակ է անցել, և ժամանակն է, որ երկու երկրների ղեկավարները խիզախություն ցուցաբերեն և քայլեր անեն դեպի խաղաղություն։ Մենք կանենք ամեն բան՝ նրանց այս ուղղությամբ աջակցելու համար։
- ԵՄ-ն և իր անդամ պետությունները «վերաբացահայտում» են Իրանը պատժամիջոցները վերացնելուց հետո։ Վերջերս կարծիք է հնչել, որ Իրանի հետ դարավոր առևտրային և մշակութային կապեր ունեցող Հայաստանը կարող է դառնալ «նոր Հոնգ Կոնգ» և ծառայել որպես «հանգույց» ԵՄ-ի և Իրանի միջև։ ԵՄ-ն ունի՞ այդպիսի հանգույցի կարիքը։
- Հայաստանն ուշադիր հետևել է Իրանի հետ մեր բանակցություններին և անցյալ տարի հուլիսին Վիեննայում մեր պատմական հայտարարությանը հաջորդած համաձայնության իրականացմանը։ Ինձ համար սա ևս մեկ հաստատում էր առ այն, որ այս համաձայնությունը ոչ միայն շահեկան կլինի բանակցություններին ուղղակիորեն մասնակցող երկրների, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Սա հաստատում էր առ այն, որ մենք գտել ենք փոխշահավետ լուծում։ Համաձայնության արդյունքում Միջին Արևելքը, Կովկասը և Կենտրոնական Ասիան դարձել են ավելի ապահով տարածաշրջաններ, և սա կարող է խթանել ավելի դրական տարածաշրջանային դինամիկա։ Իրանի լիարժեք ինտեգրումը միջազգային հանրությանը և համաշխարհային տնտեսությանը կարող է շահեկան լինել ոչ միայն Իրանի, այլ հավանաբար նաև նրա բոլոր հարևանների, այդ թվում նաև՝ Հայաստանի համար։
Մարտի 1-ի հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ողջունելով հյուրին, նշեց, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Ֆեդերիկա Մոգերինին ասաց, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի համար:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին:
Արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կողմերն անդրադարձան համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսությանը, շարժունակությանը, մարդու իրավունքներին, տնտեսական բարեփոխումներին, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը շնորհակալ է Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին հիմնադրումից ի վեր ցուցաբերվող կարևոր աջակցության համար։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորության շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց միգրացիոն ճգնաժամին և փախստականների հոսքերին։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականներ. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ հայկական կողմը արժևորում է այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։
Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրականացումը։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Կողմերը համակարծիք էին, որ իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է հետևողական ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։