
Հունգարիայի Հայկական Ինքնավարությունը , Հունգարիայի մի շարք հայ հասարակական կազմակերպություններ հետ մեկտեղ, կազմակերպում են հայկական դիասպորայի առաջին փառատոնը, որը տեղի կունենա Բուդապեշտում, Վեսպրեմում, Սեգեդում, Գերգոսենտմիկլոշում(Տրանսիլվանիա): Լայնածավալ ծրագրերի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր, ներկայացումներ, կանցկացվեն դասական ջազ և փոփ երաժշտության երեկոներ ինչպես նաև հյուրասիրություն: Փառատոնի շրջանակներում իրենց մասնակցությունը կունենան բազմաթիվ ճանաչված հայ արվեսագետներ, երաժիշտներ, արվեստի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից՚՚: Հանրաճանաչ Մենդելսսոն կամերային նվագախումբը հայտնի օպերային երգիչ Գուրգեն Օվսեպյանը հետ համատեղ կներկայացնեն Արամ Խաչատուրյանի և Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաև տեղի կուենա օպերային երգիչ Նելսոն Սահակյանը և հանրաճանաչ դաշնակահար Գայանե Ջրաղացպանյանի համերգը՚: Փառատոնը հագեցած է լինելու նաև բազմաթիվ ցուցահանդեսներով:Այսպես՝ Վեսպրեմ քաղաում կանցկացվեն հայտնի քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի և գեղանկարիչ Դավիթ Սեդրակյանի աշխատանքների ցուցադրությունը: Գերգոսենտմիկլոշում(Տրանսիլվանիա) հանրաճանաչ "Ուրարտու" թատրոնը կներկայացնի "Մուսա լեռան քառասուն օրը" մյուզիքլը, ինչպես նաև քաղաքի Հայ կաթոլիկ եկեղեցում կիրականացվի Հունգարիայի հայ ինքնավարության կողմից նվիրարաբերված խաչքարի օծման արարողությունը:
Փառատոնի շրջանակում կիրականացվի նաև հյուրասսիրություն, որի ընթացքում հանրահայտ Մառլենկա բրենդը կներկայացնի իր քաղցրավենիքների տեսականին՚՚: Փառատոնի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության, ինրպես նաև տեղերի ամրագրման համար կարող եք զանգահարել +3670-4325979 հեռախոսահամարով , ինչպես նաև նամակ ուղարկելով
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
էլ հասցեին:
Փառատոնի գլխավոր տնօրեն՝ Նիկողոս Ակոպյան
Վեսպրեմի Հայ ինքնավարությունը կազմակերպեց հայ մշակույթը և արվեստը ներկայացնող ձեռագործության և մանրանկարչության ուսուցում երեխաների համար Վեսպրեմ քաղաքի մշակույթի տանը: Միջոցառմամբ հետաքրքրվածների թիվը իսկապես շատ մեծ էր,կային հյուրեր ինչպես Վեսպրեմից այնպես էլ Բուդապեշտից: Երեխաները սովորեցին ինչպես անել բատիկա, հետաքրքիր խաղերի միջոցով երեխաների օրը տոն դարձավ: Բայց ամենամեծ հետաքրքրություն առաջացրեց Էռմոնե Զաբել Մարտայանը, ով երեխաներին սովորեցրեց ապակու վրա նկարելու գեղեցիկ արվեստը, ներկաներից շատերը փորձելուց հետո իրենց հետ տարան իրենց իսկ աշխատանքները, որպես հուշ այդ գեղեցիկ օրվանից: Մեծահասակների մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ Հունգարիայում հրատարակված և նմանօրինակը չունեցող բազմաթիվ գրքեր, այդ թվում հայակական տարազները ներկայացնող եռալեզու գիրքը, հայկական թագուհիների պատմությունը, Մուսա լեռան քառասուն օրը գիրքը հունգարարեն թարգմանությամբ և հայ մշակույթն ու պատմությունը ներկայացնող բազմաթիվ այլ գրքեր, կային նաև տաղանդավոր արվեստագետ և մանրանկարիչ Էռմոնե Զաբել Մարտայանի հայկական մոտիվներով պատրաստած զարդերը և նկարները: Միջոցառումը շատ կարևոր էր հայ համայնքի համար, քանի որ այն նպաստեց Հունգարիայում հայկական մշակույթի ավելի տարածմանը և պահպանմանը:
<<Դիմանկար>> խորագրով պատմությունների շարքը լրացնելու համար հարցազրույցի նպատակով ճանապարհ ընկանք դեպի Սեկեշֆեհերվար, չնայած, ըստ էության, կարող էինք նաև Վիդեոտոն-Ույպեշտ շաբաթօրյա խաղի ընթացքում էլ զրուցել ֆուտբոլային մատչի մասին,քանի որ դոկտոր Գեզա Աբկարովիչը բացի նրանից, որ Սուրբ Գևորգ (Szent György) համալսարանին կից հիվանդանոցի վիրաբուժության բաժնի վարիչն է և գլխավոր բժիշկը,նաև հիանալի վիրաբույժ է, կատարում է Վիդեոտոն ֆուտբոլային հավաքականի սպորտային բժշկի պարտականությունները։ Նրան հանդիպեցինք իր աշխատասենյակում աշխատանքային օրվա ավարտին, այնուհետև իր տանը,որի պատերը զարդարված էին կտավներով և հին ընտանեկան լուսանկարներով։
Դիասպորա21- Շատ գեղեցիկ, դասական ու ընդարձակ է Ձեր տունը։ Պատերին փակցված կտավներն ու հին լուսանկարները պատմում են Ձեր ընտանիքի անցյալի մասին։Լուսանկարներից երևացող մարդկանց դիմագծերին նայելով՝ ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ հայկական ծագում ունեն։ Ո՞վքեր են նրանք։
Գեզա Աբկարովիչ-Չեմ կարող ասել, որ ես ամեն ինչ գիտեմ իմ ընտանիքի ծագման, հայկական արմատներ ունեցող իմ նախնիների մասին, բայց մարդկանցից լսած և ընտանեկան պատմություններից գիտեմ , որ իմ նախնիները տասնյոթերորդ դարի երկրորդ կեսին՝ Միհայ Ապաֆիի իշխանության ժամանակաշրջանում են Մոլդովայից գաղթել Տրանսիլվանիա, երբ այնտեղ գերիշխում էր ուղղափառությունը , և փորձում էին հայ քրիստոնյաներին բռնի ուժով կրոնափոխել ու ուղղափառ դարձնել: Նրանք, ովքեր չէին ցանկանում կրոնափոխվել և պայքարում էին իրենց հայ կաթոլիկ հավատքի համար, փախստական դարձան և բնակություն հաստատեցին Տրանսիլվանիայում։ Մեր ընտանիքը պատկանում էր Սամոշույվարի ճանաչված արհեստավորների թվին․ այդ ժամանակներում հայերը հիմնականում արհեստավորությամբ և վաճառականությամբ էին զբաղվում, ինչը նպաստում էր Տրանսիլվանիայի տնտեսության արագ զարգացմանը: Պապս հաճախ էր ասում․ «Երեխաներ, ձեր ձեռքերի աշխատանքով վաստակեք օրվա հացը»։ Ի վերջո, այդպես էլ եղավ․ես լսեցի պապիս խորհուրդները, վիրաբույժ դարձա ու հիմա իմ ձեռքերով եմ վաստակում իմ հացը:
Դիասպորա21- Նշանավոր արհեստավորների ընտանիքի անդամները ինչո՞ւ բժիշկներ դարձան ։
Գեզա Աբկարովիչ․Մեր ընտանիքի զարգացումն ու սրընթաց վերելքը սկսվեց այն բանից հետո, երբ ՅոժեֆԱբկարովիչին՝ իմ մեծ պապին, հաջողվեց դեղատուն հիմնելու թույլտվություն ձեռք բերել, ինչն այն ժամանակներում շատ դժվար էր ստանալ։ Նա ուսումնասիրել էր Բայա Մարեի (Nagybánya) հայտնի ջրերի բաղադրությունը, դրանց վերաբերյալ գիտահետազոտական աշխատություն գրել և որպես պարգև՝ ստացել դեղատուն բացելու իրավունք։ Այդպես նորահայտ ձեռնարկատերը հնարավորություն ունեցավ նաև կրթելու, ուսումնառության տալու իր զավակներին: Հետագայում դեղատան գործը ժառանգեց իմ պապը, որը շատ խիստ և հետևողական բնավորության տեր մարդ էր՝ օժտված գործարարի գերազանց հմտությամբ։ Նա զբաղվում էր ոչ միայն դեղատնով, այլև հացահատիկի և նույնիսկ ազնվամորու օշարակի արտադրությամբ։ Նա եկամտաբեր աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունեցավ հայրիկիս ուղարկել Գերմանիա՝ սովորելու։ Հայրս դարձավ մեր ընտանիքի առաջին բժիշկը։
Դիասպորա21- Ձեր ընտանիքում էլի՞ տաղանդավոր մարդիկ կան։
Գեզա Աբկարովիչ- Մեկի մասին ես բոլորովին պատահաբար եմ իմացել: Մեքենայում նստած ռադիո էի լսում, երբ հանկարծ հաղորդումը նվիրեցին իմ հեռավոր ազգականին: Հունգարիայում առաջին արտոնագրի գրանցումը կապված է Էնդրե Կորենյիի անվան հետ, որը սափրիչ էր կամ, ինչպես հիմա ենք ասում, վարսավիր։ Արտոնագիրը ստանալուն պես նա նույնպես մեծ հաջողության հասավ և շուտով ատամնաբույժ դարձավ։ Շատ արագաշարժ, տաղանդավոր մարդ էր: Եթե ուշադիր հետևենք դեպքերին, ապա կտեսնենք, որ այդ ժամանակաշրջանի հայերի համար առաջադիմելու միակ ուղին աշխատասիրությունը, հաստատակամությունը և տաղանդն էր ․ չէ՞ որ այն ժամանակների Հունգարիայում առաջատար պաշտոններն ու հասարակական դիրքերը միայն ազնվականությունն էր ստանում: Մեր ընտանիքի առաջխաղացման համար մեծ դեր է ունեցել նաև իմ մեծ տատիկը, որը եղել է ավանդապաշտ, ընտանիքին նվիրված մի կին։ Նա կարողացել է միասնական պահել իր մեծ ընտանիքը, և այդ ընտանիքը երկրին տվել է խելացի ու բանիմաց ինժեներներ։ Նրանց թվին է պատկանել , օրինակ, Աբրահամ Գեզա Պատյանուշը, որի մասին՝ որպես Պոլիտեխնիկական համալսարանի լեգենդար պրոֆեսորի, պատմում են, որ նա եղել է վերջին մասնագետը, ով պոլիտեխնիկական համալսարանի բոլոր բաժիններին հավասարաչափ գիտելիքներով է տիրապետել և դրանք դասավանդել մեծ վարպետությամբ: Այսօր, ինչպես գիտենք, բոլորը մասնագիտանում են գիտության կոնկրետ մի ոլորտում, և աներևակայելի է, որ ինչ-որ մեկը կարողանա բոլոր ոլորտներին տիրապետել հավասարաչափ, իսկ նա հենց այդպիսին էր:
Դիասպորա21- Կանայք հայկական ընտանիքներում միշտ մեծ դեր են խաղացել ընտանիքի ամբողջականության պահպանության գործում։
Գեզա Աբկարովիչ- Դա այդպես է նաև մեր ընտանիքում ինչպես կնոջս, այնպես էլ քրոջս դեպքում, որոնք ջերմեռանդորեն և նվիրվածությամբ իրենց հոգատար ձեռքերի մեջ են պահում մեր մեծ ընտանիքը։
Դիասպորա21- Ձեր արմատների ճանաչումը ինչքանո՞վ է ճակատագրական եղել Ձեզ համար։
Գեզա Աբկարովիչ- Մանկությունից սկսած՝ այն վճռորոշ է եղել իմ ողջ կյանքում: Մեզ դաստիարակել են որպես հունգարացիների, ովքեր ունեն հայկական ծագում, իսկ հայկական ծագմանը հայրս մեծ նշանակություն էր տալիս։ Նա մեզ սովորեցրել է, որ հայերը ապրում են մեծ ընտանիքներով, ունեն ամուր ընտանեկան կապեր, միմյանց սիրում են և մտերիմ են․ գիտեինք ու մենք ինքներս էլ այդպես էինք ապրում։ Ես իմ կյանքը այլ կերպ չեմ էլ պատկերացրել։ Ծնողներս մեզ ժառանգել են նաև մեր քրիստոնեական հավատքը ։ Մեր ծնողները խիստ ավանդապաշտ էին , ու մենք էլ աշխատում ենք հնարավորին չափով կենդանի պահել հայկական ավանդույթները ։ Խառնվածքով էլ ենք հայեցի․ մի փոքր ավելի աղմկոտ ենք, ավելի տաքարյուն։ Հաճախ ասում ենք իրար այն, ինչ մտածում ենք, բայց գրեթե անմիջապես հետո էլ ներում ենք միմյանց։ Աղջիկներս հպարտանում են իրենց հայկական ծագումով: Մեծ աղջիկս իրավագիտություն է ուսումնասիրում, կրտսերս դեռ դպրոցում է սովորում: Նա մի մեծ երազանք ունի՝ այցելել Հայաստան, քանի որ շատ է ցանկանում սեփական աչքերով տեսնել այն դրախտային երկիրը, որտեղ ապրել են իր պապերը, և որի գեղեցկության մասին անընդհատ լսել է մեր ընտանիքի անդամներից:
Դիասպորա21- Ի՞նչ հարաբերությունների մեջ եք այսօրվա Հունգարիայի հայ համայնքի անդամների հետ ։
Գեզա Աբկարովիչ- Դա մի ճակատագրական զուգադիպություն էր և կապված էր արդեն իմ ներկայիս աշխատանքի հետ։ Դեռ իննսունականների սկզբին Հունգարիայում ապրող մի հայ գործարար Վենետիկից մեքենայով տուն վերադառնալիս վթարի էր ենթարկվել, և նրան բերեցին մեզ մոտ՝ Սեկեշֆեհերվար՝ մեր հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք։ Այն ժամանակ չափազանց բարդ էր Խորհրդային Միությունից ժամանածներին հիվանդանոց ընդունելու գործը։ Աշխատակիցներս միանգամից հիշեցին, որ ես հայ եմ, և գտան, որ միայն ես կարող եմ զբաղվել նրանով։ Ես մեծ սիրով և պատրաստակամությամբ ընդունեցի իմ հայրենակցին և այդպես նրա միջոցով կապի մեջ մտա տեղի հայության մի քանի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ մեկ այլ հետաքրքիր դեպք ևս նպաստեց, որ ես կապվեմ իմ հայրենակիցների հետ։ Պատահաբար պարզվեց, որ Բուդապեշտի Օրլայ փողոցում գտնվող հայկական եկեղեցու շենքը անցյալում պատկանել է մորս ընտանիքին, և մայրիկս մանուկ հասակում շատ ժամանակ է անցկացրել այնտեղ:
Դիասպորա21- Նույնիսկ չգիտեի՞ք, որ այնտեղ է գործում հայկական եկեղեցին։
Գեզա Աբկարովիչ- Դեռ փոքր էինք, երբ մայրիկս մի անգամ հորս խնդրեց, որ գնան, տեսնեն Օրլայ փողոցի իր հայրական տունը: Երբ հասան, տեսան, որ հայկական եկեղեցի է գործում այնտեղ։ Նրանք անմիջապես կապվեցին քահանայի հետ, և այդ օրվանից պարբերաբար հաճախում էին Բուդապեշտի հայկական եկեղեցի: Հայրս մի ժամանակ ցանկանում էր, որ եղբայրս քահանա դառնա, բայց նրա ցանկությունը չիրականացավ։ Վերադառնալով համայնքի հետ իմ կապերին՝ պիտի ասեմ, որ ես ավելի շատ նոր սերնդի հայերի հետ եմ շփվել, այն հայերի , ովքեր 1915թ․-ից հետո են ժամանել։ Նրանց հիմնական մասը դեռ խոսում է հայերեն, շատերն արդեն անցել են հունգարերենի։ Մեր ընտանիքը հնարավորության դեպքում միշտ մասնակցում է ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին: Քանի որ դրանք սովորաբար համընկնում են աշխատանքային օրերին, հիմնականում կինս է մասնակցում այդ արարողություններին, և տեղի հայությունը նրան միշտ մեծ սիրով է ընդունում։
Դիասպորա21- Դուք ՝ որպես հայրենիքից հեռու գտնվող և հայկական ծագում ունեցող մարդ, ի՞նչ եք մտածում Հայոց ցեղասպանության մասին, ի՞նչ զգացողություններ են առաջացնում Ձեր մեջ հարյուր տարի առաջ կատարված եղեռնագործությունները։
Գեզա Աբկարովիչ- Զայրույթ կա մեջս․ չէ՞ որ նախնիներս եթե անցյալում այնտեղից տեղափոխված չլինեին, միգուցե իմ ընտանիքն էլ այդ սարսափելի դեպքերի զոհը դառնար։ Մինչ օրս էլ ատելության զգացմունքն է եռում իմ մեջ այն թուրքերի հանդեպ, որոնք գործեցին այդ ոճիրները ։ Վրդովված եմ նաև այն բանից, որ հայերի ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը պետական մակարդակով Հունգարիայում դեռ տեղի չի ունեցել, մինչդեռ, օրինակ, մեր հարևան երկրներ Գերմանիան և Ավստրիան արդեն ճանաչել են: Սակայն ամենացավալին այն է, որ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ չի ճանաչում նաև այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է, քանի որ իրենց իսկ ճակատագրով պայմանավորված՝ միգուցե հենց հրեաներին այս հարցը պետք է ավելի շատ հուզեր:
Դիասպորա 21- Ձեր ընտանիքի անցյալի մասին շատ խոսեցինք․ ի՞նչ կպատմեք անձամբ Ձեր մասին։
Գեզա Աբկարովիչ - Մենք ապրում ենք Սեկեշֆեհերվարում։ Ես սկզբում եղել եմ վնասվածքաբան-վիրաբույժ, ավելի ուշ, շնորհիվ իմ կնոջ, որը խաղում էր ձեռքի գնդակի կանանց հավաքականում և մինչև օրս էլ աշխատում է որպես մարզիչ, մասնագիտացա սպորտային վիրաբուժության մեջ: Հիմնականում ֆուտբոլիստների հետ եմ աշխատում։ Գերխնդիրս եղել է այն, որ ցանկացած հնարավոր միջոցներով կարողանամ բոլոր վիրաբույժներից, հիմնականում արտերկրի բժիշկներից, ստանալ սպորտային վիրաբուժության մասնագիտական փորձ ու հմտություն։ Բոլորին է հետաքրքրում այն փաստը, թե որ սպորտային վիրաբույժի ձեռքն են ընկնում հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող նշանավոր մարզիկները, այս չափով խիստ պատասխանատու է իմ աշխատանքը, չնայած որ վերջ ի վերջո դա էլ նույն ընդհանուր վիրաբուժությունն է, գործում է նույն մեխանիզմը, նույն կերպ է ընթանում նաև ապաքինման գործընթացը։ Ճիշտ է, կան մարզիկներ, որոնք անհամբեր են, ցանկանում են ավելի արագ վերականգնվել ու շարք մտնել, բայց ի վերջո բոլորի համար էլ վերականգնողական շրջանը նույնն է։ Հպարտությամբ պիտի ասեմ, որ իմ պրակտիկայում վնասվելուց հետո բոլոր մարզիկների վերականգնողական շրջանը անցել է հաջողությամբ և առանց բարդությունների։
Դիասպորա 21- Զագացվում է, որ շտապում եք, քանի որ անընդհատ Ձեր ձեռքի ժամացույցին եք նայում ։ Այսօր Դուք կատարում եք նաև Վիդեոտոն ֆուտբոլային հավաքականի սպորտային բժշկի պարտականությունները։ Սա, ըստ էության, նշանակում է, որ մեր զրույցը մոտենում է ավարտին, քանի որ այժմ ունեք ավելի կարևոր գործ։
Գեզա Աբկարովիչ - Այո, ճիշտ եք, այսօր ֆուտբոլային խաղաշրջանի բացման առաջին օրն է․ օրվա երկրորդ կեսին տեղի է ունենալու Վիդեոտոն-Ույպեշտ թիմերի հանդիպումը: Ես շուտով այնտեղ պետք է լինեմ։ Եկեք հաջողություն մաղթենք մեր թիմի տղաներին․ նրանք լավ են պատրաստվել խաղաշրջանին, և ես համոզված եմ, որ խաղը կավարտվի նրանց հաղթանակով և առանց որևէ միջադեպի։
Հետո մենք իմացանք, որ բժշկի ցանկությունը կատարվել է․ խաղն ավարտվել է 5։1 հաշվով՝ Վիդեոտոնի հաղթանակով։ Այժմ թիմը առաջատար դիրքում է, իսկ նրանց կողքին է և նրանց սատարում է իրենց սիրելի բժիշկը՝ հայազգի նշանավոր վիրաբույժ Գեզա Աբկարովիչը։
2016 թ․ դեկտեմբերի 5-ին Բուդապեշտի Կոշուտհի անվան ակումբում տեղի ունեցավ ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանում քաղաքական եւ սոցիալական պատմություն դասավանդող պրոֆեսոր Ռոնալդ Սյունիի «Նրանք կարող են ապրել անապատում և էլ ոչ մի տեղ. Հայոց ցեղասպանության պատմություն» գրքի հունգարերեն թարգմանության շնորհանդեսը:
Գիրքը հրատարակել է L'Harmattan հրատարակչությունը Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի և Հունգարիայի հայ ազգային ինքնավարության հովանավորությամբ: Գիրքը թարգմանել է ֆեհերվարի Բոլդիժարը:Ռոնալդ Սյունիի այս գիրքը ցեղասպանությանը նվիրված պատմագիտական գիրք է: Հայոց ցեղասպանության մասին որպես պատմական, գիտական գրքեր, եթե եթե անգամ կան էլ հունգարերեն լեզվով, ըստ ՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ Կովաչ Բալինտի՝ հասանելի չեն հունգար հասարակությանը։ Այդ իսկ նպատակով Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ղեկավարությունը հեղինակի հետ երկար քննարկումներից հետո որոշեց Ռոնալդ Սյունիի գիրքը թարգմանել հունգարերեն: Այդ գիրքը՝ որպես Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր պատմագիտական փաստագրական գիրք, ճանաչողական մեծ նշանակություն ունի հունգար հասարակության համար:
Գիրքը ներկայացնելուց առաջ հնարավորություն ստեղծվեց մի փոքր զրուցել հեղինակի հետ, հետաքրքրվել, թե ինչ պատմական նոր փաստեր է ներկայացնում հեղինակը իր գրքում՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, և ինչ մեկնաբանություն է տալիս պատմական այդ փաստերին: Ռոնալդ Սյունին շեշտեց, որ իր այս գրքով առաջարկում է նորովի ուսումնասիրելՀայոց ցեղասպանության խնդիրը՝ մերժելով այն տեսությունը, որ 1915թ. Ցեղասպանությունը բնական շարունակությունն էր նախորդ երկու տասնամյակներում հայերի դեմ կիրառվող բռնությունների: «Նույնիսկ մեկ հարյուրամյակ անց Ցեղասպանության քաղաքականացված հիշողությունների շուրջ առկա են հակասություններ, ինչը նշանակում է, որ հենց գիտնականները քիչ նշանակություն են տալիս պատճառների իրական ուսումնասիրությանը: Թուրքերն իրականացրել են կոտորածն ու պարբերական սպանություններն իրենց կայսերական գերիշխանությունը պահպանելու նպատակով»: Իր տեսության մեջ Ռոնալդ Սյունին փորձում է վերականգնել այն մտավոր, հուզական եվ սոցիալական մթնոլորտը, որում 1908թ. իշխանության եկած երիտթուրքերը կոտորածների միջոցով գտան հայկական անջատողականության ենթադրական, բայց մեծ մասամբ իրենց համար երևակայական վտանգի լուծումը: «Դրա բացատրությունը հերքում է 1915թ. դեպքերը հայերի հանդեպ բռնությունների բնական շարունակություն դիտարկելու միտումը: Վերջին հաշվով, <<Ցեղասպանությունն առաջնորդների ընդունած որոշումների և պատմական այդ ժամանակահատվածի ընդհանուր համատեքստի հետևանք էր»,- հեղինակի այս խոսքերով եզրափակվեց մեր կարճ զրույցը: Գրքի հունգարերեն թարգմանությունը ներկայացրեց Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատմության ամբիոնի ղեկավար Օզե Շանդորը: Այնուհետև կլոր սեղանի շուրջ գրքի քննարկմանը մասնակցեցին գրքի հեղինակ Ռոնալդ Սյունին, գրքի թարգմանիչ ֆեհերվարի Բոլդիժարը, ՊՊԿՀ քաղաքագիտության մասնագետ Բոտոշ Մատե, ՊՊԿՀ Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը: Այսօր Ռ.Սյունիի` «Նրանք կարող են ապրել անապատում և էլ ոչ մի տեղ. Հայոց ցեղասպանության պատմություն» գրքի հունգարերեն թարգմանքւթյունը վաճառվում է Հունգարիայի գրախանութներում և հասանաելի է բոլորին:
Հայ ազգային ինքնավարության ղեկավարությունը վերջերս երկու նշանակալից հանդիպումներ է ունեցել Երևանում և Ռումինիայի Դյերդյոսենտմիկլոշ քաղաքում։ Երկու քաղաքներն էլ՝ և Երևանը, և Դյերդյոսենտմիկլոշը, որտեղ տեղի են ունեցել հան դիպումները, շատ կարևոր են մեր ժողովրդի համար, որովհետև Երևանը համայն հայության երազանքների մայրաքաղաքն է, իսկ Դերդյոսենտմիկլոշը՝ 380 տարի առաջ հունգարական տարածքներ ներգաղթած հայերի առաջին գաղթօջախներից մեկը։ <<Արմենիա>> ամսագրի լրագրողներս այդ երկու ճամփորդությունների նպատակների և արդյունքների մասին զրուցեցինք Հունգարիայի Հայկական ինքնավարության նախագահ դոկտոր Սևան Սարգսյանի հետ։
Ի՞նչ նպատակ էր հետապնդում ձեր խմբի այցը Հայաստան։
Երևանի այցը խիստ արդիական էր Հունգարիայի և Հայաստանի միջև ներկայիս հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Չնայած մեր մշակութային պատվիրակությունները վերջերս շատ են այցելում Հայաստան, բայց մինչև այժմ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ նման հանդիպումներ շատ քիչ են եղել: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ սիրով ընդունեց մեր պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձանք բազմաթիվ կարևոր հարցերի՝ ղարաբաղյան հիմնախնդիրներից մինչև Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան համալսարանում հայկական ամբիոնի բացմանը: Ինչ վերաբերում է վերջինիս, նախարարին խնդրեցինք, որ օգնի ամբիոնի բացման վերաբերյալ տեղեկությունը հնարավորինս շատ տարածել սփյուռքում, քանի որ համալսարանը հիմնականում սփյուռքից է ուսանողների սպասում։
- Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը ի՞նչ հնարավորություններ ունի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Դոկտոր ՍևանՍարգսյան - Սա մի քիչ նուրբ հարց է և կարգավորվելու է ավելի բարձր ատյաններում: Սփյուռքի նախարարության դիրքորոշումը դրական է և սատարող։ Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունն ունի երկու երկրների միջև միջնորդության առաքելության հնարավորություն , մանավանդ որ երկու կողմերի դիրքորոշումն էլ մեզ համար պարզ է։ Ըստ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման՝ Հունգարիայի կառավարությունը լուրջ պատասխանատվություն է կրում կացնով զինված ադրբեջանցի մարդասպանի կողմից քնած հայ սպային դաժանորեն սպանելուց հետո դատելու ու Ադրբեջանին արտահանձնելու անարդար քայլի համար:Քանի որ անարդարությունը կատարվել է հունգարական կառավարության կողմից , կարծում եմ, որ անպայմանորեն հունգարական կառավարությունը ինքը պետք է քայլեր ձեռնարկի հայկական կողմի հետ հարաբերությունները հարթելու ուղղությամբ։ Երկու երկրների միջև հաշտության առաջին քայլը կարող է լինել Հունգարիայի կողմից Հայոց ցեղասպանության` որպես պատմական փաստի ճանաչումը: Ի դեպ, տարօրինակ է, որ այն առ այսօր տեղի չի ունեցել՝ հատկապես հաշվի առնելով, որ Եվրոպայի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հունգարիայի որոշ հարևան երկրներում արդեն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը ։
- Երևանից հետո Տրանսիլվանիայի հայ համայնքի ղեկավարների հետ ի՞նչ նպատակով եք հանդիպել։
- Տարիների ընթացքում Հունգարիայի և Տրանսիլվանիայի (Ռումինիայի) հայ համայնքների միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորվել: Բայց այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ այն պաշտոնական բնույթ էր կրում երկու համայնքների ղեկավարությունների կողմից։ Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը այժմ պաշտոնական հարաբերություններ է հաստատել Տրանսիլվանիայի հայ համայնքի ղեկավարների հետ, և դա հնարավորություն է տալիս երկու համայնքներին միմյանց հետ համագործակցելու և մշակութային սերտ կապեր հաստատելու , Հունգարիայի, Տրանսիլվանիայի և ողջ Կարպատյան ավազանի հայությանը միավորելու ու միասնական դառնալու համար : Հանդիպումը գործնական էր, և մենք հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, համաձայն որի՝ մեր համայնքների միջև համագործակցությունը կարող է իրականացվել ամենալայն մասշտաբներով: Ցավով պետք է նշեմ, որ հայկական համայնքներում ի հայտ են եկել կազմակերպություններ, որոնք պառակտիչ և միմյանց նկատմամբ ատելություն սերմանող գործունեություն են ծավալում և փորձում են <<մենաշնորհել>> հայության հիմնախնդիրները։ Այնուհանդերձ մարդիկ հասկանում են, որ նման կազմակերպությունները միայն մեծ վնաս են հասցնում ամբողջ համայնքին։ Եվ մեր համայնքների միասնականությունն ու համագործակցությունը, համատեղ կազմակերպված ծրագրերը լավագույնս կարող են պայքարել նման պառակտիչների դեմ։
-Շուտով Տրանսիլվանիայում տոնվելու է հայերի՝ այնտեղ ներգաղթելու և հիմնավորվելու 380 տարին։ Ի՞նչ մասնակցություն է ցուցաբերելու Հունգարիայի հայ համայնքը այդ տոնակատարությանը։
– Սեպտեմբերին Տրանսիլվանիայի հայությունը մեծ շուքով կնշի այնտեղ հիմնավորվելու 380 տարին։ Տրանսիլվանիայի հայ համայնքի ղեկավարության հետ կազմել ենք համագործակցային ծրագիր, որի համաձայն մեր համայնքը մեծ մասնակցություն կբերի այնտեղ կազմակերպվող միջոցառումներին։ Նախատեսում ենք խաչքար կանգնեցնել Տրանսիլվանիայի Դյերդյոսենտմիկլոշ քաղաքի մոտ գտնվող այն բարձրադիր լեռնանցքում, որտեղից, ավանդության համաձայն, Տրանսիլվանիա են ժամանել առաջին հայ ընտանիքները, և որտեղ առ այսօր դեռ կանգուն է առաջին հայերի ձեռքով կառուցված մատուռը՝ վկան տարագիր հայերի տխուր ճակատագրի։ Բացի այդ, պայմանավորվել ենք վերանորոգել նաև 1800- ական թվականների սկզբին կառուցված հայկական կաթոլիկ եկեղեցու խարխլված ապակիները։ Նախատեսում ենք նաև տոնակատարության օրերին այնտեղ ցուցադրել Հունգարիայի հայ ազգային <<Ուրարտու>> թատրոնի դերասանների մասնակցությամբ <<Մուսա լեռ>> մյուզիքլը և <<Ազնավուրի կյանքը>> բեմադրությունը։ Մեր համագործակցությունը այսքանով չի ավարտվում․ ծրագրեր շատ կան, որոնք օր օրի ավելանում են ու ընդլայնում մեր բարեկամության սահմանները։
Բուդապեշտում 2017թ․ փետրվարի 19-ին Հայկական մանկական ակումբում առաջին անգամ նշվեց Մայրենի լեզվի օրը: Ակումբի երեխաների մեծ մասը 7-9 տարեկան են, խոսում են մեկից ավելի լեզուներով, նույնիսկ կան երեխաներ, որ կարողանում են չորս լեզուներով խոսել: Բայց ամենակարևորն այն է, որ նրանք բոլորն էլ խոսում են մայրենի լեզվով, որը շատ կարևոր պայման է սփյուռքում ապրող ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և գոյատևման համար։ Մայրենի լեզվի նկատմամբ պաշտամունքը սկսվում է տնից, ծնողներից: Անգամ փոքրիկ երեխան պիտի գիտակցի, թե ինչու է անհրաժեշտ, որ ինքը հայերեն խոսի ընտանիքի անդամների հետ։: Դա ընտանիքի դաստիարակությունն է և ծնողների վերաբերմունքը մայրենիի նկատմամբ: Իսկ համայնքում գործող հայկական մանկական կենտրոնների ամենակարևոր պարտականություններից մեկն էլ այն է, որ հայկական տոները նշվեն մեծ շուքով : Յուրաքանչյուր հայկական տոնի առթիվ պետք է կազմակերպել լուրջ միջոցառում: Այդ միջոցառումները մեզ հուշում են, որ մենք մեր աշխատանքներով ավելի ենք ամրապնդում հայ փոքրիկների գիտակցության մեջ մեր ինքնաճանաչման ու ազգասիրության գաղափարը: Մանկական ակումբում մեր սաների հետ մենք փորձեցինք Մայրենի լեզվի օրը դարձնել տոն:
Նախ մի քիչ զրուցեցինք, թե ինչ է նշանակում <<Մայրենի լեզու>>, և ինչու հայերեխան պետք է գիտակցի, որ եթե ինքը հայկական արմատներ ունի, պարտավոր է հայերեն սովորել և խոսել: Հայերեն սովորելը և խոսելը միայն նրա համար չէ, որ երբ երեխան գնա Հայաստան, կարողանա տատիկների ու պապիկների հետ այդ լեզվով խոսել: Երեխան պիտի կարողանա հայերեն գրքեր կարդալ, կինոներ նայել, նամակներ գրել․․․․ Բայց, դժբախտաբար, մեր օրերում, երբ երեխան կտրվում է հայկական միջավայրից և ապրում իր առօրյա շրջապատով, հայերենը երբեմն դառնում է սոսկ հայ տատիկների և պապիկների հետ շփվելու լեզու:Բուդապեշտի Հայկական մանկական ակումբը միակ հայկական միջավայրն է, ուր հաճախելով՝ երեխաները շփվում են իրենց հասակակիցների հետ և փորձում են հայերեն սովորել և խոսել:Ակումբում մի քանի երեխաների ուժերով փորձեցինք միջոցառումը հետաքրքիր դարձնել: Փոքրիկ բեմադրությամբ ներկայացրինք Մեսրոպ Մաշտոցի կյանքից մի հատված, և հայ փոքրիկները դարձան բեմադրության ակտիվ մասնակիցները և ցնծությամբ դիմավորեցին նորաստեղծ գրերով Հայաստան վերադարձող Նարեկ-Մեսրոպ Մաշտոցին:
Մի քանի երեխաներ ինքնուրույն պատրաստել էին փոքրիկ ոտանավորներ՝ նվիրված մայրենի լեզվին: Նրանք վստահորեն ու մեծ ոգևորությամբ արտասանեցին և փորձեցին ապացուցել, որ իրենք կարող են ոչ միայն հայերեն խոսել, այլ նաև սահուն, գեղեցիկ ու առոգանությամբ արտասանել և մայրենին դարձնել ոգեշնչման աղբյուր :
Վերջերս Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի նորաբաց հայագիտական ամբիոնում ավարտվեց առաջին կիսամյակը: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ղեկավարությունների փոխհամաձայնությամբ տասներկու հունգարացի և վեց հայ ուսանողներ ՊՊԿ համալսարանում կարողացան ուսումնասիրել հայագիտությանը վերաբերող բազմաբնույթ նյութեր։ Այս համալսարանում դասավանդում են տարբեր երկրներից հրավիրված դասախոսներ: Արփինե Առաքելյանը, ով ժամանել է Հայաստանից և ՀՊՄՀ ուսանողուհի է, այժմ հայագիտություն է ուսումնասիրում Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի նորաբաց ամբիոնում: Արփինեի հետ զրույցում վերջինս մեզ հետ կիսեց Հունգարիայից ստացած իր տպավորությունները․ «Հունգարիան հյուրընկալ երկիր է օտարերկրյա ուսանողների համար։ Ես առաջին անգամ եմ այսքան երկար ժամանակով բացակայում իմ երկրից և մինչև այստեղ գալը ներքին մտավախություն ունեի, թե արդյոք կկարողանամ հարմարվել անծանոթ երկրի բարքերին: Սակայն, գալով այստեղ, հասկացա, որ այդ մտավախությունն իզուր էր: Առաջին իսկ օրվանից չեմ ունեցել որևէ ներքին անհանգստություն կամ անհարմարության զգացում: Հունգարիան շատ հետաքրքիր է իր պատմությամբ, մշակույթով, մարդկանց կենսակերպով, ուստի շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ սովորելու այս համալսարանում: Այստեղ գալուց առաջ ակնկալիքներս բոլորովին այլ էին, բայց իրականությունն սպասվածից առավել ոգևորող և հետաքրքիր էր»: Արփինեն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես է տեղեկացել Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնի մասին: Նա նշեց, որ իր կրթությունը շարունակելու հնարավորությունն իրականացվել է ուսանողների փոխանակման <<ԷՐԱԶՄՈՒՍ +>> ծրագրի շրջանակներում։ «Երկու համալսարանների միջև համաձայնագրի շնորհիվ հայ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու ՊՊԿՀ-ում մեկ կամ երկու կիսամյակ, իսկ հունգարացի ուսանողները` Երևանում` ՀՊՄՀ-ում»:
Արփինեն, ներկայացնելով համալսարանի հայագիտական ամբիոնում ուսուցանվող առարկայացանկը, ասաց, որ այն բավականին հետաքրքիր և հագեցված է։«Ուսումնասիրել ենք բազմաթիվ առարկաներ, որոնց շրջանակներում անդրադարձել ենք հայոց պատմության այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են հայկական սփյուռքի և համայնքների պատմությունը, Հայոց ցեղասպանությունը և դրանց վերաբերյալ առկա գրականությունը, տարբեր հեղինակների մոտեցումները այդ թեմաներին, Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը և բազմաթիվ այլ հիմնահարցեր»:Իսկ <<Ինչպե՞ս ես քո առաջին փորձառությունը կարևորում կամ գնահատում>> հարցին Արփինեն պատասխանեց․ «Անչափ կարևորում եմ Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում սովորելու իմ փորձառությունը ինչպես մասնագիտական, այնպես էլ անհատական զարգացման նկատառումներով: Որպես ասպիրանտ՝ մեր համալսարանի հայոց պատմության ամբիոնում հետազոտությանս թեման Տրանսիլվանիայի հայկական համայնքն է և նրա ինքնության պահպանման խնդիրները 18-19-րդ դարերում: Թեմայի ուսումնասիրության համար իմ առաջնահերթ խնդիրներից մեկը հունգարերեն սովորելն է: Լեզուն բավականին բարդ է, բայց այդ բարդությունն էլ իր հետաքրքրությունն ունի: Ուստի այս ծրագիրը ինձ բացառիկ հնարավորություն է տալիս բոլոր խնդիրները հաղթահարելու համար: Այս ծրագրի հրաշալի կողմերից մեկն էլ այն է, որ, ապրելով այստեղ, հնարավորություն ունեմ ծանոթանալու և հաղորդակից լինելու հունգարական մշակույթին, պատմությանը: Բացի դրանից, տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ շփումը ինձ հնարավորություն է տալիս ճանաչել նրանց մշակույթի բնորոշ գծերը, ինչը մեծապես նպաստում է իմ աշխարհայացքի և մտահորիզոնի ընդլայմանը: Դրա շնորհիվ հաղորդակից եմ դառնում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, կարողանում եմ ավելի ճիշտ գնահատել և վերլուծել իրավիճակները, ավելի լավ համագործակցել տարբեր մշակույթներ և արժեքներ ունեցող մարդկանց հետ: Իսկ այդ ամենը ձևավորում է հմտություն, կարողություն և բնավորություն, որն ինձ պետք է գալու իմ ամբողջ կյանքում: Գիտեմ, որ Բուդապեշտից բաժանվելու եմ մեծ դժվարությամբ, քանի որ հասցրել եմ սիրել այս քաղաքը: Շատ շուտով ևս հինգ հայ ուսանողներ կժամանեն Բուդապեշտ`մեկ կիսամյակ այստեղ սովորելու: Համոզված եմ, որ մեզ համար բովանդակալից և ուսանելի կիսամյակ է լինելու` հագեցած հետաքրքիր դասընթացներով և նոր բացահայտումներով: Բուդապեշտը այն քաղաքն է, ուր երբեք չես ձանձրանա և երբեք չես դադարի քեզ համար նոր բացահայտումներ անել»
Մենք հաջողություններ ենք մաղթում բոլոր այն ուսանողներին, որոնք սովորելու համար ժամանելու են Հունգարիա, իսկ Հունգարիայից Հայաստան մեկնող մեր քույր-եղբայրներին ցանկանում ենք հետաքրքիր ուսումնառություն և հաճելի ժամանակ հյուրընկալ և ջերմ երևանցիների շրջապատում:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մայիսի 14-ին Վեսպրեմ քաղաքում անցկացվեցին Գիզելլայի օրերը:Վեսպրեմ քաղաքը հիմնադրվել է Իշտվան թագավորի կողմից՝ որպես նվեր իր տիկնոջը՝ Գիզելլային, այդ իսկ պատճառով քաղաքը հայտնի է նաև «Թագուհիների քաղաք» անվամբ:Տասնյակ տարիներ շարունակ Վեսպրեմում տեղի են ունենում Գիզելլային նվիրվածօրեր, որին մասնակցում են հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից:Վեսպրեմի 5 փոքրամասնությունների հետ մեկտեղ այս գեղեցիկ տոնին իր մասնկացությունը ունեցավ նաև Վեսպրեմի Հայ Ինքնավարությունը, որի ընթացքում հայ մշակույթը ներկայացրեցինև իրենց փայլուն ելույթներով աչքի ընկան օպերային հայտնի հայ երգիչ Նելսոն Սահակյանը և հայտնի ակորդեոնիստ Դավիթ Ենգիբարյանը:
2016թ.հոկտեմբերին Պիլիշչաբայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հանդիսավորությամբ բացվեց հայագիտական ամբիոն, որի ուսանողները կարող են ուսումնասիրել հայ ժողովրդի պատմություն , հայկական մշակույթ։ Համալսարանում ուսուցումը տարվում է անգլերեն լեզվով և հասանելի է օտարալեզու բոլոր ուսանողների համար։ Հրավիրված հյուրերի շարքում էին նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակները, ովքեր հոկտեմբերի 20-25-ը մնացին Հունգարիայում և հետաքրքիր հանդիպումներ ունեցան համալսարանի աշխատողների հետ: «Դիասպորա 21» ամսագրի լրագրողը հարցազրույց է ունեցել հայագիտական ամբիոնի վարիչ Կովաչ Բալինտի հետ, որը մեծ ներդրում է ունեցել ամբիոնի ստեղծման աշխատանքներում: – Մասնաճյուղի բացումը ուշագրավ և հետաքրքիր իրադարձություն է: Ձեր՝ ավելի քան տասնամյակ տևած նախապատրաստական աշխատանքներն իրենց արդյունքը տվեցին:Պատմեք, խնդրում եմ, Ձեր ծրագրերի մասին։ – Նախ ես կցանկանայի խոսել նոր բացված ամբիոնի առավելությունների մասին։ Մեր համալսարանում, 2002թ-ից սկսած, մենք ուսումնասիրում ենք հայկական մշակույթը։ Մենք դասախոսություններ և կոնֆերանսներ ենք կազմակերպել պրոֆեսոր Ոզե Շանդորի ղեկավարությամբ: Մոտավորապես մեկուկես տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո այս տարվա մարտին Երևանում տեղի ունեցավ ամբիոնի բացման համաձայնագրի ստորագրությունը: Կաթոլիկ համալսարանի և ԵՊՄՀ-ի միջև համաձայնագիրը ստորագրեցին ռեկտորներ Ռուբեն Կ. Միրզախանյանը և Սուրոմի Սաբոլչ Անզելմը։ Այսպիսով՝ մեկնարկեց հայագիտության ուսուցումը, և գործի դրվեց ուսանողական և ուսուցչական կազմի փոխանակման ծրագիրը: Բայց սա միայն առաջին քայլն էր, որից հետո Կաթոլիկ համալսարանի խորհուրդը հովանավորեց ամբիոնի բացումը և ուսուցման ակրեդիտացիոն գործընթացի ներդրումը: Ներկայիս կարգավիճակի համաձայն դա նշանակում է, որ ուսանողները կարող են անկախ մագիստրոսական կուրսեր և որակավորում ստանալ, և այդ դասընթացներին հիմնականում նրանք կմասնակցեն, ովքեր արդեն ընդունվել են համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ: Եթե ուսանողներից որևէ մեկը մասնակցել է նաև հայագիտության ամբիոնում կազմակերպված դասընթացներին, դա նույնպես ներառվում է դիպլոմի մեջ: – Սա համալսարանում լրացուցիչ ուսուցում է, բայց դուք պլանավորու՞մ եք այն դարձնել անկախ մասնաճյուղ:
– Հաջորդ քայլը, որ մենք ցանկանում ենք իրականացնել 2017 թվականի սեպտեմբերից, համալսարանում հայագիտության ուսուցման դեպքում անկախ գիտական աստիճան ստանալու ծրագիրն է այդպիսով, հնարավոր կլինի դիմել մեր ամբիոն՝ որպես համալսարանի անկախ մասնաճյուղ: – Ինչպիսի՞ մասնագիտական, կազմակերպչական և այլ դժվարությունների եք հանդիպել ամբիոնի բացման աշխատանքները կազմակերպելու ժամանակ: – Առարկաների ուսուցման լեզուն անգլերենն է: Այսինքն «Փիլիսոփայություն», «Հայոց պատմություն», «Արվեստի պատմություն» առարկաների ուսուցումը կատարվում է այդ լեզվով: Ուսանողների ներկայիս քանակը 10-15 է: Պետք է ամեն տարի ամենաքիչը 10 ուսանող ունենա մասնաճյուղը, որպեսզի այն ոչ շահութաբեր չհամարվի: Պարտադիր պայման է նաև ամենաքիչը 3 հոգուց բաղկացած ուսուցչական կազմի առկայությունը: Նրանք Գերմանիայից հայկական ծագումով ուսուցիչներ են: Մասնաճյուղի բացումը միջազգային կարևորություն ունի ոչ միայն այս պատճառով, այլ նաև նրա եզակիության պատճառով, քանի որ նմանատիպ մասնաճյուղեր Արևելյան Եվրոպայում և ամբողջ աշխարհում ընդամենը մի քանիսն են՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համալսարաններում: Բայց աշխարհում տենդենցը ավելի շատ գնում է դեպի նմանատիպ ամբիոնների վերացումը: Մեր ամբիոնի բացումը առաջադիմական և ողջունելի քայլ է: – Քաղաքական դաշտում արգելքներ չե՞ն եղել: – Մենք քաղաքական դիմադրության չենք հանդիպել: Հայաստանի Հանրապետությունը մասնավորապես մեծ օգնություն ցուցաբերեց ամբիոնի ստեղծման գործընթացին, և մեր կապերն այնքան ամուր են, որ Սուրոմի Սաբոլչ Անզելմի՝ Պատվավոր Դոկտորի կոչման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի կրթության նախարարը: – Ովքե՞ր են մասնակցելու ուսուցմանը, ո՞րն է թիրախային լսարանը: – Ուսուցման ծրագիրը ընդունվել է պետության կողմից, այսինքն, եթե հունգար ուսանողները ընդունվել են համալսարան, նրանք կարող են մասնակցել դասընթացին անվճար, բայց այն ավելի շատ կարող է իսկապես գրավիչ լինել Հայկական Սփյուռքի համար, քանի որ 200 0000-300 0000 ֆորինտ վարձը մեկ կիսամյակի համար շատ ավելի մատչելի է՝ համեմատած Արևմտյան Եվրոպայի երկրների ուսուցման վարձի հետ: Այսպիսով՝ մենք վստահորեն սպասում ենք ուսանողների, բայց, ցավոք, պետք է ասեմ, որ Տրանսիլվանիայի հայ երիտասարդները ամենաքիչն են հետաքրքրված այս ծրագրով: – Դուք պլանավորու՞մ եք համագործակցել Հունգարիայի հայ ինքնավարության հետ: – Մենք շատ կցանկանայինք համագործակցել նրա հետ, որովհետև համագործակցությունը կարող է ամբիոնին լրջորեն օգնել շատ ոլորտներում: Նկատի ունեմ, օրինակ, մեր գրադարանի հարստացումը, ուսանողների կրթաթոշակը, ուսանողների ուսման վարձին աջակցությունը, մշակութային ծրագրերի, միջոցառումների համատեղ կազմակերպումը: Արտերկրից եկած ուսանողները ավելի հեշտ կարող են ներգրավվել տեղի հայության մշակութային կյանքին և մասնակցել կազմակերպվող միջոցառումներին:
2016 թվականի օգոստեսի 2-ից 7-ը երկրորդ անգամ Վեսպրեմում տեղի ունեցավ Auer Violin Festival (Աուեր Ջութակի միջազգային փառատոնը), որը հարգանքի տուրք է մատուցում ջութակահար Աուեր Լիպոտի աշխատանքին և կյանքին: Աշխարհահռչակ ջութակահարը, ուսուցիչը (18451930) ծնվել է Վեսպրեմում: Առաջին Auer Violin Festival (Աուեր ջութակի փառատոնը) տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 4-ից 9-ը՝ ի հիշատակ Վեսպրեմում ծնված ջութակահար և երաժշտության ուսուցիչ Լիպոտ Աուերի: Փառատոնի նպատակն է տարեցտարի Վեսպրեմ բերել միջազգային և Հունգարիայի երաժշտական աշխարհի նշանավոր գործիչներին: Կատարումները կարելի է լսել մի քանի բեմերում, ժանրերը տարբեր են՝ դասականից մինչև ջազ, կամերիային երաժշտությունից մինչև նվագախմբային համերգներ: Փառատոնի շրջանակներում օգոստոսի 6-ին 20:00-ին Հանգվիլայի մեծ դահլիճում համերգ ունեցան նաև աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը Մենդելսոն կամերային օրկեստրի նվագակցությամբ: Մենդելսոն կամերային նվագախումբը ստեղծվել է Բարտոկ Պաստորի մրցանակակիր առաջին ջութակ Կովաչ Պետերի գլխավորությամբ հարուստ երաժշտական պատմություն ունեցող Վեսպրեմ քաղաքում: Նվագախմբի նվագացանկը բազմաոճ է՝ բարոկկոյից մինչև դասական, 20-րդ դարի ամենանշանավոր ստեղծագործություններից մինչև ժամանակակից երաժշտություն: Նվագախումբը մեծ ճանաչում ունի Հունգարիայի սահմաններից դուրս նույնպես. մեծ թվով համերգներ է ունեցել գրեթե Եվրոպայի բոլոր երկրներում, ինչպես նաև Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Նրանք համերգներ են ունեցել այնպիսի մեծ ճանաչում ունեցող համերգասրահներում ինչպիսիք են Միլանի Վերդի նվագասրահը, Բուենոս Այրեսի Տեատրո Կոլոն, Նյու Յորքի Միացյալ Ազգերի Պալատը և մի շարք այլ համերգասրահներ: Մի շարք համերգներ են ունեցել ճանաչված ջազ, նույնիսկ փոփ երաժիշտների հետ: 2010-ին իր արտիստիկ աշխատանքի համար Մենդելսոն կամերային նվագախումբը արժանացել է Բարտոկ Պաստորի մրցանակին: Նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր Մադարաշ Գերգեյը: Մադարաշ Գերգեյը ծնվել է 1984 թվականին Բուդապեշտում: Մագիստրոսական աստիճան ստացել է Բուդապեշտի և Վիեննայի Երաժշտական Ակադեմիայում` որպես ֆլեյտիստ և դիրիժոր: Բացի Հունգարիայից աշխատում է Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա, Լեհաստան, Անգլիա, Գերմանիա: Աշխատում է այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Deutsche Symphonie Orchester Berlin, Munich Chamber Orchestra, BBC Philharmonic and Symphony Orchestras, Royal Scottish National Orchestra and the Scottish Chamber Orchestra և այլն:
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985թ. ապրիլի 5-ին Երևանում: 1993-ից բնակվում է Գերմանիայում: ՀՀ վաստակավոր արտիստ է, (2012): Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։ Հանդես է գալիս քրոջ՝ տաղանդավոր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ որպես դուետ։ Միասին ելույթ են ունեցել Ամստերդամի Կոնցերգեբաուում, Քարնեգի հուլում, Լոնդոնի Ուիգմոր հոլում, Մարիինյան թատրոնում, Theatre des Champs Elysees-ում, Cite de la Musique-ում (Փարիզ), Auditori Nacional Madrid-ում, Palais des Beaux Arts-ում (Բրյուսել), Լյուքսեմբուրգի ֆիլհարմունիայում, Alice Tully Hall-ում (Նյու Յորք) և այլուր։ Բրամսի բոլոր սոնատների կատարումով հանդես են եկել բազմաթիվ քաղաքներում։ Համերգի առաջին մասում հնչեց Ռախմանինովի II դաշնամուրային կոնսերտը Լուսինե Խաչատրյանի կատարմամբ: Ավարտից հետո նկատելի էր դահլիճի մեծ հիացմունքը: Երկար ծափողջուններից հետո Լուսինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իր, ինչպես նաև եղբոր՝ Սերգեյ Խաչատրյանի համար այդ կարևոր օրը իրենց հետ գտնվելու համար: Օրը նշանավոր էր նրանց համար նաև նրանով, որ իրենց ծնողները իրենց տարեդարձն էին նշում համերգի նախորդ և նաև նույն օրը: Նրանք համերգը նվիրեցին ծնողներին՝ շնորհակալություն հայտնելով իրենց այն բոլոր հատկանիշների համար, որոնք ծնողները սերմանել են իրենց մեջ և շնորհիվ որոնց կարողացել պահպանել են իրենց հայ արմատներն ու մտածելակերպը նույնիսկ երկար տարիներ հայրենիքից դուրս ապրելով: Համերգի երկրորդ մասում հնչեց Արամ Խաչատուրյանի ջութակի կոնսերտը տաղանդավոր Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ: Դահլիճում քար լռություն էր, բոլորը վայելում էին հայ տաղանդավոր կոմպոզիտորի չքնաղ ստեղծագործությունը՝ երիտասարդ տաղանդավոր ջութակահարի մատուցմամբ: Երաժշտության ավատրտվելուց հետո ողջ դահլիճը ցնծում էր ծափողջյուններով, որոնք շատ երկար ժամանակ չէին դադարում: Սերգեյը մեծ շնորհակալություն հայտնեց այսպիսի գեղեցիկ ընդունելության համար, այնուհետև փոքրի ծիծաղով ասաց, որ քրոջ նման գեղեցիկ խոսքերից հետո շատ բան ասել չի կարող և, որպես երեկոյի գեղեցիկ ավարտ, կատարեց ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր վարդապետ Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը: Ներկաների հիացմունքը ակնհայտ էր րոպեներ տևող ծափահարությունների տարափից:
|